Ջաբարովն առաջարկել է արգելել Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան
ՌԴ Դաշնային խորհրդի կանոնակարգի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ջաբարովն առաջարկել է քննարկել Հայաստանի Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի՝ Ռուսաստան մուտքն արգելելու հարցը։ Պատճառն Առուշանյանի՝ ռուսների հասցեին հնչեցրած արտահայտությունն է, որով նա նրանց անվանել է «Իվաններ»։
Երևանում Ռուսաստանի դեսպանատունը վրդովմունք է հայտնել Առուշանյանի հայտարարության կապակցությամբ՝ նշելով, որ այն հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին գերմանացի նացիստների բառապաշարը։
Ավելի վաղ Առուշանյանը քննադատել էր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Գյումրու օրվա տոնակատարությունը, որը կազմակերպել էր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ Մասնավորապես, նա գրել էր. «Գյումրեցիները ձեր Իվանները չեն»։
«Հայաստանի Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն իրեն թույլ է տվել արհամարհական արտահայտություններ հնչեցնել ռուսների հասցեին՝ նրանց անվանելով «Իվաններ»։ Կարծում եմ՝ նման խոսքերի համար պետք է իրական պատասխանատվություն կրել։ Ճիշտ կլինի, եթե մեր ԱԳՆ-ն քննարկի Դավիթ Առուշանյանի՝ Ռուսաստան մուտքն արգելելու հարցը», — գրել է Ջաբարովը «Մաքս» հարթակի իր ալիքում։
Սենատորի կարծիքով՝ Առուշանյանին հարկավոր է հիշեցնել պատմական փաստերը։
«Հենց այդ «Իվաններն» են ժամանակին փրկել Հայաստանին ցեղասպանությունից, իսկ այնուհետև ողջ աշխարհը՝ ֆաշիստական «գորշ ժանտախտից»։ Եվ այսօր էլ Գյումրիում տեղակայված են մեր սահմանապահներն ու 102-րդ ռազմաբազան՝ ապահովելով տեղի բնակիչների անդորրը։ Անտեղի հռետորաբանության փոխարեն մարզպետը պարզապես պետք է շնորհակալություն հայտներ», — ընդգծել է քաղաքական գործիչը։
Ջաբարովի կարծիքով՝ երբ պաշտոնատար անձն իրեն թույլ է տալիս նման արհամարհական արտահայտություններ, դա պարզապես ազգամիջյան թշնամանք հրահրելու փորձ չէ։
«Մեր դեսպանատունը ճիշտ է արձագանքել՝ զուգահեռներ անցկացնելով Հայրենական մեծ պատերազմի տարիների նացիստական բառապաշարի հետ։ Ցավոք, այս պաշտոնյան գործում է արևմտյան հասարակական կազմակերպությունների ստանդարտ հրահանգներով, որոնց գործողությունները մենք արդեն տեսել ենք Ուկրաինայում, Մոլդովայում և Բալթյան երկրներում, որտեղ նրանք առաջ են մղում ռուսատյաց կարգախոսներ», — եզրափակել է սենատորը։
24news.am
