Թուրքիան փողոցին հանձնվող երկիր չէ․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան թույլ չի տա երկրում իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կարող են ոգեշնչված լինել եվրոպական մի շարք երկրներում տեղի ունեցող իրադարձություններով։ Հայտնում է ermenihaber.am-ը։
X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ Էրդողանն անդրադարձել է Եվրոպայի մի շարք երկրներում շարունակվող զանգվածային բողոքի ցույցերին։
«Եթե կան մարդիկ, որոնք Եվրոպայի որոշ երկրներում տեղի ունեցող իրադարձություններից ոգեշնչված՝ նման փորձի մասին են երազում, թող իմանան՝ Թուրքիան փողոցից չի գտնվել և փողոցին հանձնվող երկիր չէ»,- գրել է Էրդողանը։
Անդրադառնալով մամուլի ազատության շուրջ քննարկումներին՝ Էրդողանը պնդել է, որ իշխանությունների հասցեին քննադատությունն ազատ է, եթե այն չի պարունակում վիրավորանք, կեղծիք և ապատեղեկատվություն։
«Մենք խնդիր չունենք ո՛չ մամուլի ազատության, ո՛չ էլ քննադատող ձայների հետ»։
Էրդողանի խոսքով՝ ինչպես աշխարհի մյուս ժողովրդավարական երկրները, այնպես էլ Թուրքիան թույլ չի տա իր դեմ գործողություններ իրականացնել՝ օգտագործելով կասկածելի կապերն ու հարաբերությունները։
