Փայլուն արդյունք. Հայաստանի երեք ըմբիշները կպայքարեն եզրափակիչի ուղեգրի համար
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները շարունակում են տպավորիչ մրցելույթները:
Այսօր` հոկտեմբերի 26-ին, պայքարի մեջ մտած մեր երեք ըմբիշներն էլ հաղթահարեցին քառորդ եզրափակիչի արգելքն ու դուրս եկան կիսաեզրափակիչ:
63 կգ քաշային Կարեն Ասլանյանը քառորդ եզրափակիչում անչափ վստահ գոտեմարտ անցկացրեց ու 9-0 հաշվով ժամանակից շուտ ջախջախեց Ուզբեկստանի ներկայացուցչին։
67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը համառ պայքարում 3-2 հաշվով առավելության հասավ Նորվեգիան ներկայացնող ըմբիշի նկատմամբ և նույնպես ապահովեց իր տեղը լավագույն քառյակում:
Անմասն չմնաց նաև 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը, որը քառորդ եզրափակիչում 10-4 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ նորվեգացի Մուկուբուի նկատմամբ:
Այսպիսով՝ մեր երեք ըմբիշներն էլ երեկոյան մրցահերթում կգոտեմարտեն աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու համար:
Հիշեցնենք, որ մինչև այս փուլ հասնելը հայ ըմբիշները տոնել էին ևս երկուական հաղթանակ: Կարեն Ասլանյանը ժամանակից շուտ պարտության էր մատնել Կոռնելիու Ռուսուին (10-0) և Աֆթանդիլ Ուուլուին: Սլավիկ Գալստյանը պայքարից դուրս էր թողել Ֆրանսիան ներկայացնող Գագիկ Սնջոյանին (5-1) և Վալենտին Պետիչին: Իսկ Գևորգ Թադևոսյանը հաղթել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Միլադ Ալիրզաևին (6-3) և Ղազախստանի ներկայացուցչին (4-1):
