Ինչպե՞ս Սերբիայում «Ոուսանողական ցուցակը» հաղթեց շուրջ 1,5 տասնամյակ իշխող ուժին
Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Սերբիայումտեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որում հաղթանակ է տարել «Ուսանողական ցուցակ» կուսակցությունը՝ ավարտին հասցնելով Ալեքսանդր Վուչիչի քաղաքական ուժի ավելի քան մեկ տասնամյակ տևած գերիշխանությունը։
Որքա՞ն ժամանակ էր իշխում Վուչիչի քաղաքական ուժը
Ալեքսանդր Վուչիչի գլխավորած «Սերբական առաջադիմական կուսակցությունը» (SNS) Սերբիայի քաղաքական կյանքում գերիշխող դիրք է զբաղեցրել 2012 թվականից՝ ավելի քան 14 տարի։
2012 թվականին կուսակցությունը հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում և ձևավորեց կառավարող կոալիցիա։ Վուչիչը վարչապետ դարձավ 2014 թվականին, իսկ 2017-ին ընտրվեց երկրի նախագահ։ 2022 և 2023 թվականների խորհրդարանական ընտրություններից հետո նրա քաղաքական ուժը շարունակեց մնալ իշխանության կենտրոնում։
Այս տարիների ընթացքում Վուչիչը և նրա կուսակցությունը մասնակցել են մի շարք համապետական ընտրությունների՝ պահպանելով իրենց ազդեցությունը պետական կառավարման համակարգում։
Ընտրությունների արդյունքները
Սերբիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը, նախնական տվյալներով, կազմել է մոտ 69 տոկոս։
Սերբիայի պետական հեռարձակող RTS-ի հրապարակած՝ ընտրատեղամասերի 98.4 տոկոսի տվյալների հիման վրա կատարված կանխատեսման համաձայն՝ արդյունքները հետևյալն են.
- «Ուսանողական ցուցակ»՝ ձայների 53 տոկոս և խորհրդարանի 250 տեղերից 141-ը։
- Ալեքսանդր Վուչիչի «Միասնական Սերբիա» ցուցակ՝ ձայների 38.8 տոկոս և 103 մանդատ։
Վուչիչը հրապարակավ ընդունել է պարտությունը։
Ի՞նչ է հայտնի նոր քաղաքական ուժի մասին
Ընտրություններում հաղթած «Ուսանողական ցուցակը» («Student List») ձևավորվել է Սերբիայում 2024 թվականի վերջին սկսված և 2025 թվականին լայն թափ ստացած ուսանողական բողոքի շարժման հիման վրա։
Բողոքի ալիքի հիմնական առիթը 2024 թվականի նոյեմբերի 1-ին Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանի հովանոցի փլուզումն էր, որի հետևանքով զոհվեց 16 մարդ։ Դեպքից հետո ուսանողները սկսեցին պահանջել աղետի հանգամանքների լիարժեք բացահայտում, պետական կառույցների հաշվետվողականություն և կոռուպցիայի դեմ պայքար։
Շարժումը հետագայում ընդլայնվեց՝ ընդգրկելով տարբեր հասարակական խմբերի։ Ուսանողները քննադատում էին իշխանություններին՝ պետական կառավարման թափանցիկության, ժողովրդավարական ինստիտուտների և լրատվամիջոցների անկախության հետ կապված խնդիրների համար։
«Ուսանողական ցուցակը» դասական կուսակցություն չէ, այն ձևավորվել է որպես ուսանողական շարժման շուրջ համախմբված քաղաքական նախաձեռնություն, որը ընտրություններին ներկայացել է իշխանափոխության և պետական կառավարման բարեփոխումների պահանջով։
Ցուցակի թեկնածուն սրտաբան և Նովի Սադի համալսարանի պրոֆեսոր Իլիա Սրդանովիչն է։ Շարժումը, սակայն, իրեն ներկայացնում է որպես հավաքական նախաձեռնություն՝ առանց մեկ պաշտոնական առաջնորդի։
