Ահազանգ. Նորագավիթում ուզում են վտարել երկու ընտանիքի՝ ընդհանուր 20 անձ, որոնց մեծ մասը երեխաներ են
Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթի 1-ին փողոցի 100/3 հասցեի բնակիչ Հրաչյա Ալեքսանյանն ահազանգում է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 30-ին պատրաստվում է տարածքից վտարել երկու ընտանիքի, որոնցից մեկը շուրջ 30 տարի բնակվում է այդ տարածքում, իսկ մյուսը՝ ավելի քան 34 տարի, հաղորդում է Shamshyan.com–ը։
Երկու ընտանիքներում ընդհանուր առմամբ ապրում է 20 մարդ՝ 9 հոգանոց և 11 հոգանոց ընտանիքներում, որոնց մեծ մասը անչափահասներ են։ Բնակիչների փոխանցմամբ՝ իրենք տարիներ շարունակ կանոնավոր կերպով վճարել են հարկերն ու կոմունալ վճարները, սակայն չեն կարողացել ձեռք բերել սեփականության իրավունքի վկայական և այժմ կանգնած են անօթևան մնալու վտանգի առաջ։
Կայքի հետ զրույցում Հրաչյա Ալեքսանյանը պատմել է, որ իրենց կապն այդ հողի հետ տասնամյակների պատմություն ունի։ Նրա խոսքով՝ ընտանիքներն այս հասցեում բնակվում են ավելի քան 30 տարի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներից, սակայն այդպես էլ չեն ստացել կադաստրի սեփականության իրավունքի վկայական։
Իրավիճակը, ըստ Հրաչյա Ալեքսանյանի, կտրուկ փոխվել է, երբ շուրջ 40 հեկտար տարածքի նկատմամբ հավակնություններ է ներկայացրել «ԷԼԻԶԱ ԵՎ ԳԱՅԱՆԵ» ՍՊԸ-ն, որը բնակիչները կապում են հանրությանը «Կոնդեցի Մակար» անունով հայտնի անձի հետ։
Նրա փոխանցմամբ՝ ընկերությունը տարիներ շարունակ այդ տարածքն օգտագործել է իր բիզնես շահերի համար՝ այնտեղ խոզանոց կառուցելով և վճարովի հիմունքներով շուրջ 100 հազար ավտոմեքենայի բեռ հանդիսացող աղբ ու հող լցնելով, ինչի հետևանքով տարածքը, նրա պնդմամբ, վերածվել է հսկայական աղբանոցի։
Բնակիչները պնդում են, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործողություններում առկա են իրավախախտումներ։ Նրանց խոսքով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով վտարման որոշում է կայացվել միայն երկու անձի նկատմամբ, մինչդեռ վտարման վտանգի առաջ են կանգնած երկու ամբողջ ընտանիքներ։
Բնակիչները փորձել են իրենց խնդրի լուծումը գտնել տարբեր ատյաններում։ Նրանք դիմել են Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ և ՔՊ–ի գրասենյակ, սակայն, իրենց պնդմամբ, այնտեղ իրենց խնդրին լուրջ չեն վերաբերվել և որևէ ընթացք չեն տվել դիմումներին։
Այժմ բնակիչները դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բարձրաձայնելով իրենց մտահոգությունները և կասկածները հնարավոր կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ։
Բնակիչները հայտարարում են, որ պատրաստվում են մինչև վերջ պայքարել իրենց բնակության վայրում մնալու համար։ Նրանք հույս են հայտնում, որ պետական մարմինները մինչև հոկտեմբերի 30-ը կանդրադառնան խնդրին և կգտնեն արդարացի ու մարդասիրական լուծում՝ թույլ չտալով, որ երկու ընտանիք հայտնվի անօթևան վիճակում։
