Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արման Աբովյանը գրել է․
«Ցանկացած համակարգի հիմքում ընկած է ամենակարևոր սկզբունքը՝ մարդիկ։ Առանց որևէ չափազանցության կարող եմ ասել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար նույնպես ամենակարևորը մարդիկ են՝ մեր կուսակիցները , մեր տարածքային կազմակերպությունները, որոնք գործում են մեր երկրի բոլոր մարզերում, քաղաքներում և բազմաթիվ գյուղերում։
Անկասկած, մեր կուսակցությունը միավորող ուժը կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բացառիկ տաղանդն է, որի շնորհիվ նա համախմբում է իր շուրջ մարդկանց ամբողջ երկրում՝ մարդկանց, որոնք ցանկանում են ապրել արժանապատիվ, բարեկեցիկ, անվտանգ և բարգավաճ երկրում, որտեղ օրենքի գերակայությունն ու արդարությունը համաքայլ են ազգային արժանապատվության և մեր Հավատքի հետ։
Մեր կուսակիցները, մեր տարածքային կազմակերպությունները, մեր երիտասարդները՝ բոլորս միասին շարունակելու ենք պայքարել հանուն արդարության, հանուն այն բանի, որ դադարեցվեն մեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղաքական բանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումները, և մենք վերջապես կերտենք իսկապես ազատ ու բարգավաճ Հայաստան»։
