Հայտնի են Իրանի նախագահի և Պուտինի սպասվող հանդիպման քննարկման թեմաները
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի վերջին Մոսկվա կատարելիք այցի ընթացքում մտադիր է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել տնտեսական համագործակցությունը, էներգետիկ անվտանգությունը և աշխարհաքաղաքական հարցեր. «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին։
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 19-ին Թեհրան կատարած այցի ընթացքում Փեզեշքիանին հայտնել էր, որ Պուտինը նրան սպասում է հոկտեմբերի վերջին Մոսկվայում կայանալիք Գազ արտահանող երկրների ֆորումի (ԳԱԵՖ) գագաթնաժողովին և ակնկալում է երկկողմ հանդիպում։
«Քննարկման հիմնական թեմաները կլինեն Իրանի և Ռուսաստանի միջև տնտեսական ու առևտրային համագործակցությունը։ Կդիտարկվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, էներգետիկ անվտանգությունը, պարենային անվտանգությունը և առևտրային հարաբերությունների զարգացումը», — ասել է Իրանի դեսպանը։
«Սրան զուգահեռ՝ նախագահները մտքեր կփոխանակեն աշխարհաքաղաքական, միջազգային և քաղաքական հարցերի շուրջ», — հավելել է նա։
Ջալալին հիշեցրել է, որ վերջին ամիսներին Իրանի և Ռուսաստանի նախագահները բազմիցս հանդիպել են և քննարկել տարբեր հարցեր՝ շոշափելով թեմաների լայն շրջանակ։
«Քննարկվող հարցերի քանակը համապատասխանում է երկու երկրների միջև համագործակցության մակարդակին և տարածաշրջանում ու աշխարհում տիրող ճգնաժամային իրավիճակին», — նշել է իրանցի դիվանագետը։
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ առաջիկա այցի ընթացքում երկու երկրների նախագահների կողմից որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։
