Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել
Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Մասիսի համայնքապետի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հովհաննես Հակոբյանի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ դեպքի առթիվ։
Կոմիտեից «Ազատության»-ը հայտնել են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու հատկանիշներով։ Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն։
Օրերս համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է Հովհաննես Հակոբյանը փոքր տղային հեռախոս խոստանում։ Այնուհետև ներկաները երեխային հորդորում են երգով շնորհակալություն հայտնել թեկնածուին, իսկ երեխան կոչ է անում ընտրել նրան։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացվում է նախաքննություն։
