ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում նշվում է, որ զեկույցի պատրաստման առիթը Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու ուղղությամբ ձեռնարկած քայլերն են, որոնք դիտարկվում են որպես ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար հնարավոր ռիսկերի աղբյուր։
Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքները՝ ըստ զեկույցի
ՀՆԱ-ի կրճատում, գնաճ և սպառման անկում
Զեկույցի 37-րդ էջի համաձայն՝ ԵԱՏՄ անդամակցությունը կասեցնելու դեպքում Հայաստանի համար կանխատեսվում են հետևյալ տնտեսական հետևանքները։
ՀՆԱ-ի հնարավոր կրճատում՝ 15,6 տոկոսով կամ 4,6 մլրդ ԱՄՆ դոլարով։
Գնաճի աճ՝ 14,9 տոկոսային կետով՝ բազային մակարդակի համեմատ։
Սպառման անկում՝ 14,6 տոկոսով կամ 3,5 մլրդ դոլարով։
Արտահանման և ծառայությունների արտահանման անկում՝ 41,6 տոկոսով կամ 6 մլրդ դոլարով։
Զեկույցի համաձայն՝ ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերի կրճատման ազդեցությունը չի սահմանափակվի միայն փոխադարձ առևտրով։ Այն կտարածվի նաև երրորդ երկրների հետ առևտրի, արտադրության, ներդրումների և ներքին սպառման վրա։
Արտահանմանկտրուկանկում
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ ապրանքների արտահանումը կարող է նվազել 65,8 տոկոսով՝ 3,17 մլրդ դոլարից հասնելով մոտ 1,084 մլրդ դոլարի։
Ավանդական հայկական արտահանման՝ սննդամթերքի, գյուղմթերքի, ալկոհոլային խմիչքների, թեթև արդյունաբերության և այլ ապրանքների արտահանումը կարող է կրճատվել 39,6 տոկոսով՝ 622,5 մլն դոլարով։
Ալկոհոլային արտադրանքի արտահանման կանխատեսվող անկումը մոտ 50,1 տոկոս է։
Սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը կարող է նվազել 39,9 տոկոսով։
Թեթև արդյունաբերության արտադրանքի արտահանումը կարող է նվազել 32,2 տոկոսով։
Առանձին արդյունաբերական, քիմիական և շինանյութերի խմբերի արտահանումը նույնպես կարող է զգալիորեն կրճատվել։
Զեկույցի տրամաբանությամբ՝ պատճառները մաքսային ձևակերպումների լրացուցիչ ծախսերն են, տեխնիկական համապատասխանության նոր ընթացակարգերը և ոչ սակագնային սահմանափակումները։
Վերաարտահանման մեծ ծավալների կորուստ
Այն ապրանքների արտահանումը, որոնք հիմնականում ներմուծվում են երրորդ երկրներից և այնուհետև վերաարտահանվում ԵԱՏՄ շուկա, կարող է նվազել 91,6 տոկոսով։
Արտահանման այդ խմբի ծավալը կարող է 1,598 մլրդ դոլարից հասնել ընդամենը 135 մլն դոլարի։
Զեկույցի հաշվարկով՝ այս խմբում կորուստը կարող է կազմել 1,463 մլրդ դոլար։
Սա կարևոր տարբերակում է․ կանխատեսվող արտահանման անկման մեծ մասը վերաբերում է ոչ միայն Հայաստանում արտադրված ապրանքներին, այլև առևտրային ու լոգիստիկ առավելություններից օգտվող հոսքերին։
Ներմուծման կրճատում և ապրանքների մատակարարման թանկացում
ԵԱՏՄ երկրներից Հայաստան ապրանքների ներմուծումը կարող է նվազել 48,8 տոկոսով՝ 4,821 մլրդ դոլարից հասնելով 2,467 մլրդ դոլարի։
Ավանդական ներմուծման խմբում՝ սննդամթերք, վառելիք, դեղագործական արտադրանք, մեքենաներ, սարքավորումներ, շինանյութեր և այլ ապրանքներ, կանխատեսվում է միջինը 26,8 տոկոս անկում։
Վերաարտահանման և առևտրային-լոգիստիկ հոսքերի հետ կապված ներմուծումը կարող է նվազել 86,9 տոկոսով։
Զեկույցի սցենարով մատակարարման ուղիների փոփոխությունը, լրացուցիչ մաքսային ծախսերն ու համապատասխանության նոր պահանջները կարող են թանկացնել ներմուծումը և խաթարել արդեն ձևավորված առևտրային կապերը։
Բնական գազի գնի հնարավոր աճ՝ 69 տոկոս
Գազի բազային գին՝ 177,5 դոլար՝ 1 000 խորանարդ մետրի համար։
Սցենարային գին՝ 300 դոլար՝ 1 000 խորանարդ մետրի համար։
Գնի տարբերություն՝ 122,5 դոլար։
Հնարավոր թանկացում՝ մոտ 69 տոկոս։
Զեկույցը նշում է, որ գազի գնի բարձրացումը կարող է մեծացնել՝
արդյունաբերական ձեռնարկությունների արտադրական ծախսերը,
տնային տնտեսությունների էներգետիկ ծախսերը,
ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքը,
գնաճային ճնշումը և տնտեսության վրա ընդհանուր բեռը։
Փաստաթղթում գազի գնի 300 դոլար ցուցանիշը ներկայացված է որպես հաշվարկային ենթադրություն՝ ֆիզիկական մատակարարումների ծավալը պահպանելու պայմանով։ Իրական պայմանագրային գինը կարող է տարբեր լինել։
Դրամական փոխանցումների նվազում՝ ավելի քան 2 մլրդ դոլարով
2025 թվականին ԵԱՏՄ մյուս երկրներում աշխատող Հայաստանի քաղաքացիների թիվը կազմել է 126,9 հազար մարդ։ Նրանցից 124,6 հազարը՝ 98,2 տոկոսը, աշխատել է Ռուսաստանում։
Փաստաթուղթը կանխատեսում է, որ անդամակցության կասեցման դեպքում՝
Հայաստան դրամական փոխանցումները կարող են նվազել 2,1035 մլրդ դոլարով։
Ընդհանուր փոխանցումները կարող են 3,9535 մլրդ դոլարից հասնել 1,85 մլրդ դոլարի։
Ռուսաստանից փոխանցումները կարող են նվազել 2,0723 մլրդ դոլարով՝ 3,8783 մլրդ դոլարից հասնելով 1,806 մլրդ դոլարի։
Զեկույցը պատճառների թվում նշում է աշխատանքային գործունեության պայմանների վատթարացումը, աշխատանքի թույլտվությունների կամ արտոնագրերի հետ կապված լրացուցիչ ծախսերը, բժշկական օգնության ծախսերը և ընդհանուր տնտեսական ակտիվության նվազումը։
Հնարավոր հետևանքները Հայաստանի համար՝ ընտանիքների եկամուտների նվազում, ներքին սպառման թուլացում և դրամական փոխանցումներից կախված տնտեսվարողների եկամուտների կրճատում։
Երրորդ երկրների հետ առևտրի կորուստներ
Բացասական ազդեցությունը կարող է տարածվել նաև այն շուկաների վրա, որոնք ԵԱՏՄ անդամ չեն։
Ապրանքների արտահանում երրորդ երկրներ՝ հնարավոր անկում 54,6 տոկոսով՝ 5,087 մլրդ դոլարից։
Ապրանքների ներմուծում երրորդ երկրներից՝ հնարավոր անկում 21,1 տոկոսով՝ 8,063 մլրդ դոլարից։
Երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառություն՝ հնարավոր անկում 34,1 տոկոսով՝ 13,150 մլրդ դոլարից։
Ծառայությունների արտահանում երրորդ երկրներ՝ հնարավոր անկում 12,8 տոկոսով՝ 4,974 մլրդ դոլարից։
Ծառայությունների ներմուծում երրորդ երկրներից՝ հնարավոր անկում 12,1 տոկոսով՝ 3,981 մլրդ դոլարից։
Ըստ փաստաթղթի՝ երրորդ երկրների հետ առևտրի վրա կարող են ազդել ԵԱՏՄ-ի հետ կապված մատակարարման շղթաների խաթարումը, արտադրության ծավալների նվազումը, էներգակիրների թանկացումը և ներդրումների կրճատումը։
Ազատ առևտրի արտոնությունների կորուստ
Հայաստանի համար կարող է դադարել ԵԱՏՄ-ի ազատ առևտրի պայմանագրերով նախատեսված արտոնյալ ռեժիմի կիրառումը։ Փաստաթուղթը թվարկում է, մասնավորապես, Իրանը, Վիետնամը, Սերբիան, Մոնղոլիան և ԱՄԷ-ն։
Դրա հետևանքով հայկական ապրանքների նկատմամբ կարող են կիրառվել ավելի բարձր ներմուծման մաքսատուրքեր՝ առավել բարենպաստության ռեժիմի դրույքաչափերով, այլ ոչ թե նախկին արտոնյալ պայմաններով։
Մաքսային սահմանների և վերահսկողության վերականգնում
Անդամակցության կասեցման դեպքում նախատեսվում են հետևյալ իրավական և գործնական փոփոխությունները՝
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ և հակառակ ուղղությամբ տեղափոխվող ապրանքների մաքսային հայտարարագրման ու վերահսկողության վերականգնում։
Մաքսային և այլ վճարների վերականգնում այն ապրանքների նկատմամբ, որոնք տեղափոխվում են համապատասխան ռեժիմով։
Ապրանքների նկատմամբ արգելքների և սահմանափակումների կիրառման հնարավորություն՝ երրորդ երկրների համար գործող կանոններով։
Հայկական արտադրանքի համապատասխանության փաստաթղթերի ճանաչման դադարեցում։ Արտադրողները կարող են ստիպված լինել համապատասխանության նոր փաստաթղթեր ստանալ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում։
Սննդամթերքի և գյուղմթերքի համար անասնաբուժական, բուսասանիտարական և սանիտարական վերահսկողության խստացում, մատակարարների վերաատեստավորում և սերտիֆիկատների երկկողմ համաձայնեցում։
Այս փոփոխությունները կարող են մեծացնել արտահանողների վարչական բեռը, երկարացնել մատակարարման ժամկետները և բարձրացնել արտադրանքի վերջնական ինքնարժեքը։
Աշխատանքային միգրացիայի պայմանների վատթարացում
Հայաստանի քաղաքացիները կարող են կորցնել ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված աշխատանքային արտոնությունների մի մասը։
Մասնավորապես՝
Կարող է վերականգնվել աշխատանքի թույլտվությունների կամ արտոնագրերի պահանջը։
Հայաստանի քաղաքացիների վրա կարող են տարածվել աշխատուժի ներգաղթի քվոտաներ։
Կարող են փոխվել եկամտահարկի կիրառման պայմանները։
Կարող է դադարել ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված բժշկական օգնության և սոցիալական ապահովագրության ռեժիմը՝ աշխատողների և նրանց ընտանիքների համար։
Սա հատկապես կարևոր է Ռուսաստանում և ԵԱՏՄ մյուս երկրներում աշխատող հայաստանցիների համար։ Սակայն փաստաթուղթը չի նշանակում, որ բոլոր աշխատողները միաժամանակ կկորցնեն աշխատանքը․ իրական հետևանքները կախված կլինեն նաև ընդունող երկրների օրենքներից և հնարավոր երկկողմ պայմանավորվածություններից։
Տրանսպորտային ծախսերի աճ
Նշվում են երկու հիմնական վտանգ՝
Ավտոմոբիլային բեռնափոխադրումների թույլտվություններից ազատ ռեժիմի վերացում։
Երկաթուղային բեռնափոխադրումների սակագների բարձրացում՝ միասնական սակագնի կիրառման դադարեցման հետևանքով։
Սրանք կարող են թանկացնել Հայաստանից ապրանքների արտահանումը և Հայաստան ապրանքների ներմուծումը, նվազեցնել հայկական ընկերությունների մրցունակությունը և լրացուցիչ ծախսեր առաջացնել լոգիստիկ ոլորտում։
Ծառայությունների ոլորտի կորուստներ
ԵԱՏՄ երկրների հետ ծառայությունների առևտրի ընդհանուր ծավալը կարող է նվազել 37,7 տոկոսով՝ 2,083 մլրդ դոլարից հասնելով 1,297 մլրդ դոլարի։
Մասնավորապես՝
Հայաստանից ծառայությունների արտահանումը կարող է նվազել 41,7 տոկոսով՝ 540,4 մլն դոլարով։
Ծառայությունների ներմուծումը կարող է նվազել 31,1 տոկոսով՝ 244,9 մլն դոլարով։
Տրանսպորտային ծառայությունների արտահանումը կարող է նվազել 52,6 տոկոսով։
Դրամական, ֆինանսական և գործարար գործառնությունների հետ կապված ծառայությունների արտահանումը կարող է նվազել 49,3 տոկոսով։
Տուրիզմի և ուղևորությունների հետ կապված ծառայությունների արտահանումը կարող է նվազել 39,5 տոկոսով։
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ծառայությունների արտահանումը կարող է նվազել 32,9 տոկոսով։
Արդյունաբերության, գյուղատնտեսության և պետական գնումների ոլորտների ռիսկեր
Արդյունաբերական համագործակցության կրճատում։ Կարող է նվազել ԵԱՏՄ երկրների հետ համատեղ արտադրական ծրագրերի իրականացումը։
Ֆինանսական աջակցության հնարավոր կորուստ։ Զեկույցը նշում է, որ Հայաստանի տարածքում իրականացվող համագործակցային նախագծերի ֆինանսական աջակցության հայտերի քննարկումը կարող է կասեցվել ԵԱՏՄ բյուջեի շրջանակում։
Պետական գնումների շուկայի սահմանափակում։ Հայկական ապրանքներն ու ծառայությունները կարող են կորցնել ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում պետական գնումներին ազգային ռեժիմով մասնակցելու հնարավորությունը։
Էներգետիկ համագործակցության փոփոխություն։ Կարող են փոխվել երկկողմ էներգետիկ հարաբերությունների պայմանները, այդ թվում՝ գազի ընդհանուր շուկայի հետ կապված մեխանիզմները։
ԵԱՏՄ մաքսատուրքերի բաշխումից զրկում։ Հայաստանի մասնակցությունը ներմուծման մաքսատուրքերի, ինչպես նաև հատուկ, հակադեմփինգային և փոխհատուցման տուրքերի բաշխմանը կարող է դադարել։
Սրանք իրավական և ինստիտուցիոնալ հետևանքներ են․ դրանց իրական տնտեսական ազդեցությունը կախված կլինի նաև հետագա համաձայնություններից և այն պայմաններից, որոնցով կկազմակերպվի Հայաստանի հարաբերությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ։
Հիմնական թվային կանխատեսումները
ՀՆԱ-ի կրճատում՝ 15,6 տոկոսով կամ 4,6 մլրդ դոլարով
Գնաճ՝ 14,9 տոկոսային կետով
Սպառման ծավալի նվազում՝ 14,6 տոկոսով կամ 3,5 մլրդ դոլարով
Ապրանքների արտահանման անկում դեպի ԵԱՏՄ՝ 65,8 տոկոսով
Ապրանքների ներմուծման անկում ԵԱՏՄ-ից՝ 48,8 տոկոսով
ԵԱՏՄ-ի հետ ընդհանուր ապրանքաշրջանառության անկում՝ 55,6 տոկոսով
ԵԱՏՄ-ի հետ ծառայությունների շրջանառության անկում՝ 37,7 տոկոսով
Դրամական փոխանցումների նվազում ԵԱՏՄ-ից՝ 2,1035 մլրդ դոլարով
Երրորդ երկրներ ապրանքների արտահանման անկում՝ 54,6 տոկոսով
Գազի սցենարային գնի աճ՝ 177,5 դոլարից մինչև 300 դոլար՝ 1 000 խորանարդ մետրի համար
Այսպիսով Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունը կասեցնելու հետևանքները կարող են դուրս գալ միայն մաքսային կամ առևտրային հարաբերությունների շրջանակից։ Հեղինակները կանխատեսում են փոխկապակցված ազդեցություն՝ արտահանման և ներմուծման, գազի գնի, աշխատանքային միգրացիայի, դրամական փոխանցումների, ծառայությունների ոլորտի և երրորդ երկրների հետ առևտրի վրա։
Ամենախոշոր թվային կանխատեսումները չորսն են՝ ՀՆԱ-ի 15,6 տոկոս կրճատում, գնաճ 14,9 տոկոսային կետով, դրամական փոխանցումների ավելի քան 2,1 մլրդ դոլարի նվազում և գազի գնի մինչև 69 տոկոս թանկացում։
https://yerevan.today/
Աննա Գորգինյան
