Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր
Սաուդյան Արաբիայի Դամամ քաղաքի «Ֆահդ արքա» միջազգային օդանավակայանը հոկտեմբերի 21-ի երեկոյան ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Սաուդյան Արաբիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։
Նշվում է, որ մեկ մարդ զոհվել է, ևս ութը ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։
Սաուդյան Արաբիան գլխավորում է արաբական կոալիցիան, որը ռազմական աջակցություն է ցուցաբերում Եմենի կառավարական զորքերին հութիների դեմ պայքարում։ Կոալիցիան ավիահարվածներ է հասցնում հութիների դիրքերին, որոնց ի պատասխան՝ շարժումը վերջին շաբաթներին թիրախավորել է Էր Ռիադի «Խալիդ արքա» միջազգային օդանավակայանը, թագավորության ռազմական օբյեկտները, նավթային ենթակառուցվածքները և ծովային նավագնացությունը։ Այս հարվածները Սաուդյան Արաբիայում հանգեցրել են զոհերի և վիրավորների։
