Ադրբեջանը պահանջել է պաշտոնանկ անել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Երկու շաբաթ առաջ Բաքվում Թուրքիայի բարձրաստիճան զինվորականներն ու պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչները ժպիտով հայտարարեցին ադրբեջանական բանակին 500 միլիոն դոլարի արտադրանք մատակարարելու պայմանագրերի կնքման մասին։
Առաջին հայացքից այս համաձայնագրերը վկայում են, որ էթնիկ, կրոնական, մշակութային ու պատմական կապերով միավորված երկու երկրների դաշինքը շարունակում է պտուղներ տալ։ Սակայն, չնայած էներգետիկայի, տրանսպորտի, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում փոխադարձ բազմամիլիարդանոց ներդրումներին, այս շաբաթ պաշտոնական Բաքվի հետ սերտորեն կապված մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին մեղադրեցին նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի դեմ ապստամբություն հրահրելու փորձի մեջ։
Ֆիդանի և Թուրքիայի կառավարության դեմ այս աննախադեպ հարձակումները հաջորդեցին Ադրբեջանի անցած ամսվա որոշմանը, որով արգելվեց հիջաբ կրել տարրական և միջնակարգ դպրոցներում։ Այդ քայլը բողոքի ալիք և քննադատական հրապարակումներ էր առաջացրել թուրքական մամուլում։
Իրավիճակին քաջատեղյակ մի քանի պաշտոնյաներ և աղբյուրներ «Middle East Eye» (MEE) պարբերականին հայտնել են, որ Թուրքիայի և Ֆիդանի դեմ հարձակումները հրահանգավորված են եղել վերևից։
Հակասությունները սկսվեցին այն բանից հետո, երբ Ալիևը քողարկված հանդիմանեց Անկարային՝ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձերի համար։
Ավելի վաղ ադրբեջանական աղբյուրները հայտնել էին, որ Ալիևն այդպես է արձագանքել ՄԱԿ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթին։ Իր խոսքում Էրդողանը քննադատել էր այն երկրներին, որոնք խոչընդոտում են մուսուլման աղջիկների կրթության իրավունքը։ Անկարան պնդում է, թե այդ դիտողություններն ուղղված են եղել եվրոպական երկրներին, ոչ թե Ադրբեջանին։
Ճգնաժամը սրվեց անցած շաբաթ, երբ Թուրքիայի նախագահի խորհրդական Օքթայ Սարալը սոցիալական ցանցերում գրառում կատարեց՝ կոչ անելով Բաքվին չեղարկել հիջաբի արգելքը։
Ադրբեջանի որոշումը քննադատեց նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Լեյլա Շահին Ուստան, որը 1990-ականների վերջին Թուրքիայում հիջաբի արգելքի դեմ պայքարի խորհրդանիշներից մեկն էր դարձել։
Նրանց մեկնաբանություններին կոշտ հայտարարությամբ արձագանքեց Ալիևի «Նոր Ադրբեջան» կուսակցությունը՝ զգուշացնելով Անկարային, որ իսլամական աշխարհում գերիշխանության ձգտելն անթույլատրելի է։
Երեք պաշտոնյա և իրավիճակին ծանոթ մեկ աղբյուր MEE-ին հայտնել են, որ ի պատասխան՝ Բաքուն Անկարայից պահանջել է Սարալին ազատել զբաղեցրած պաշտոնից։
Բաքուն նաև դիմել է Անկարային՝ խնդրելով պատասխանատվության ենթարկել սոցցանցերում Ալիևին վիրավորած օգտատերերին, և փոխանցել է այն հաշիվների ցանկը, որոնց արգելափակումն է պահանջում։
Հետագայում Թուրքիայի կառավարությունն արգելափակել է մի քանի մեկնաբանների էջեր, սակայն այլ քայլեր առայժմ չի ձեռնարկել։
Բաքվի դժգոհությունն է հարուցել նաև հինգշաբթի օրը Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովին չմասնակցելու Էրդողանի որոշումը։ Թուրքիայի նախագահը նման քայլի էր դիմել՝ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ նույն սրահում չհայտնվելու համար, սակայն Բաքվում նրա բացակայությունն ընկալել են որպես անարգանք Ալիևի նկատմամբ։
Բազմաթիվ աղբյուրներ հայտնում են, որ ամսվա վերջին Թուրքիայում կայանալիք Թյուրքական պետությունների գագաթնաժողովին Ալիևի մասնակցությունը դեռ հաստատված չէ, և ոմանք ենթադրում են, որ նա կարող է բաց թողնել հանդիպումը։
Ֆիդանը մասնակցել է գագաթնաժողովին, սակայն մյուս մասնակից երկրների հետ Հերցոգի ելույթի բոյկոտը գլխավորելու նրա որոշումը նույնպես բացասաբար է ընդունվել ադրբեջանական կողմից։
«Ֆիդանի այցը միայն է՛լ ավելի սրեց իրավիճակը,— նշել է մանրամասներին տեղյակ ադրբեջանական աղբյուրը։— Նրա այցը, գործողություններն ու հայտարարությունները բացասաբար են անդրադարձել ընդհանուր մթնոլորտի վրա. մենք Թուրքիայի դիրքորոշման մեջ իրական փոփոխություններ տեսնելու կարիք ունենք»։
Լարվածությունն է՛լ ավելի խորացավ անցած շաբաթ, երբ կրթական հիմնադրամներից մեկի միջոցառման ժամանակ Էրդողանը հայտարարեց, թե Թուրքիան այլևս այն երկիրը չէ, որտեղ երեխաները հագուստի կամ քաղաքական հայացքների պատճառով ստիպված են կրթություն ստանալ արտերկրում։ Ադրբեջանում նրա այս խոսքերն ընկալվեցին որպես հերթական հարված Բաքվի հասցեին։
