Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes
Ադրբեջանը դաշնակցային հարաբերություններ ունի թե՛ Իսրայելի, թե՛ Թուրքիայի հետ։ Հենց այս համադրությունն օգնեց Բաքվին հաղթանակի հասնել Լեռնային Ղարաբաղի համար մղված պատերազմում։ Սակայն այն նաև բարդացնում է Ադրբեջանի հարաբերություններն իր երկու դաշնակիցների հետ, որոնք վերջին շրջանում խիստ թշնամաբար են տրամադրված միմյանց նկատմամբ․ գրում է Forbes-ը։
Լարվածությունը վերջերս հասավ գագաթնակետին, երբ Բաքվում անցկացվեց Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովի (CICA) մեկօրյա նիստը։ Սակայն միջոցառումը բոլորովին չարդարացրեց իր անվանումը։ Մի շարք մահմեդական երկրների ներկայացուցիչներ հրապարակայնորեն լքեցին հանդիպումը՝ բողոքելով Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի ներկայության դեմ։ Նրանց թվում էր նաև Թուրքիայի արտգործնախարարը։
Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում, որ պետք է սերտ հարաբերություններ պահպանել Իսրայելի հետ՝ չնայած մյուս երկրների հետ հարաբերությունների համար դրա բարձր գնին։ Պատճառը պարզ է․ Իսրայելն անվտանգության լավագույն երաշխիքն է՝ ընդդեմ հարավային հարևանի՝ Իրանի միջամտության։
Իսկ ինչո՞ւ է Իսրայելն այդքան մեծ ջանքեր գործադրում հեռավոր դաշնակցի հետ սերտ կապերը պահպանելու համար։ Որովհետև Ադրբեջանը կարող է սպառնալիք ստեղծել Իրանի հյուսիսային սահմանների համար։ Իրանի համանուն նահանգի բնակչության մի մասը, ինչպես ենթադրվում է, կցանկանար անջատվել Իրանից և միանալ Բաքվում ապրող ազգակիցներին։
Իրավիճակն ավելի բարդացավ նաև այն պատճառով, որ համաժողովից մեկ շաբաթ առաջ Բաքուն որոշեց կրկին արգելել դպրոցներում գլխաշոր կրելը։
Ինչո՞ւ է Բաքվի այս որոշումն ազդում Թուրքիայի հետ հարաբերությունների վրա։ Որովհետև Էրդողանն իր քաղաքական հեղինակությունը մեծապես կառուցել է պետական հաստատություններում կանանց՝ հիջաբ կրելու իրավունքը վերականգնելու վրա՝ հանդես գալով որպես ազատ արտահայտվելու իրավունքի պաշտպան։ Մինչ նրա իշխանության գալը, Թուրքիան խիստ աշխարհիկ պետություն էր։ Պետական հաստատություններում որևէ տեսակի գլխաշոր կրելն արգելված էր, իսկ կանայք հանրային վայրերում հազվադեպ էին գլխաշոր կրում։ Այսօր երկրում ամենուր կարելի է տեսնել երկար տունիկաներ և գլխաշորեր կրող կանանց։ Իսկ Էրդողանն ինքը ներկայում դժվար թե համարվի խոսքի ազատության հետևողական պաշտպան։
Ակնհայտ է, որ Ալիևը հակառակ ուղերձն է հղում, ինչը շատ թուրքերի և այլ դիտորդների կողմից հեշտությամբ կարող է ընկալվել որպես Էրդողանին ուղղված սադրանք։
Նրանց հարաբերությունները լուրջ վնաս չեն կրի, քանի որ կողմերից ոչ մեկը չի կարող իրեն թույլ տալ նման զարգացում։ Սակայն կա լարվածության ևս մի աղբյուր։ Էրդողանը ցանկանում է, որ «Միջին միջանցքի» վերաբերյալ պայմանավորվածություններն արագ կյանքի կոչվեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունը հիմք է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։ Այս արդյունքը մեծ նշանակություն ունի ԱՄՆ նախագահի համար, քանի որ նա այն դիտարկում է որպես խաղաղարարության օրինակ, որն արժանի է Նոբելյան մրցանակի։ Էրդողանն էլ ճնշում է զգում՝ Թրամփի ակնկալիքներն արդարացնելու և պայմանավորվածությունների իրականացումն ապահովելու համար։
Ալիևը, սակայն, կարող է իրեն թույլ տալ սպասել և բանակցությունների միջոցով ավելի շահավետ պայմաններ ստանալ։ Ադրբեջանը մեծապես կախված չէ Միացյալ Նահանգներից և, ի վերջո, մի քանի տասնամյակ պատերազմական հակամարտության մեջ է եղել Հայաստանի հետ։
Ներկայում Էրդողանի ազդեցության լծակները սահմանափակ են։ Նա չի կարող իրեն թույլ տալ կոնֆլիկտի մեջ մտնել իր մերձավոր դաշնակից Ալիևի հետ, քանի որ դա կարող է վտանգել դեպի Կենտրոնական Ասիա ձևավորվող թյուրքական միասնական տարածքի ընդլայնումը։ Նա նաև չի կարող իրեն թույլ տալ շեղվել, քանի որ երկրի ներսում նույնպես գտնվում է ահռելի ճնշման տակ՝ կապված վերջին բանկային սկանդալի և Ստամբուլում տեղի ունեցած մասշտաբային հեղեղումների հետ։ Այս իրադարձությունների հետևանքով Էրդողանը կարող է զգալիորեն թուլանալ։
