Փաշինյանի ստացած մրցանակային գումարները կկառավարվեն առանձին հաշվով
Կառավարությունն առաջարկում է նոր կարգավորում սահմանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստացած մրցանակային գումարների տնօրինման համար։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հարցն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում։
Այս ամենի նպատակն է ապահովել այդ գումարների մուտքերի և ծախսերի առանձին հաշվառումը և դրանց օգտագործման թափանցիկությունը։
Խոսքը, մասնավորապես, 2 մրցանակների մասին է։ 2026 թվականին Փաշինյանը «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի շրջանակում ստացել է 500 հազար ԱՄՆ դոլար։ Այդ գումարի բյուջետավորման հարցն արդեն կարգավորվել է կառավարության որոշմամբ։
Այժմ առաջարկվում է նույն կարգավորումը տարածել նաև Հեսսեյան խաղաղության մրցանակի շրջանակում ստացված 25 հազար եվրարի վրա։ Փաշինյանն այդ մրցանակը ստացել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում՝ Հեսսենի խորհրդարանում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ։
Նախագծով նախատեսվում է, որ վարչապետի ստացած այս և հետագայում ստացվելիք այլ դրամական մրցանակները, այդ թվում՝ արտարժույթով ստացված գումարները, կփոխանցվեն հատուկ այդ նպատակով բացված արտաբյուջետային ավանդային հաշվին։ Նույն կարգավորումը կգործի նաև օրենքով սահմանված՝ դրամական արժեք ունեցող նվերների համար։
