Մահվան ելքով վրաերթ․30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի
Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց, Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Մարտիրոս Կ․-ն իր վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածում հատող կին հետիոտնի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արմեն Մուրադյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Լիտվին Գևորգյանի և վաշտի հրամանատար Դավիթ Մանուկյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Կարապետյանը և Հրանտ Համբարձումյանը։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Փայլակ Շմավոնյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արամ Ղուկասյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
