Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան
Ազատամարտիկ Արթուր Այվազյանը («Մանախ») արդեն 6 օր է՝ հացադուլի մեջ է։ «Փաստինֆոյի» հետ զրույցում նրա փաստաբան Աննա Ծառուկյանը նշեց, որ հացադուլի պատճառն օբյեկտիվ քննության բացակայությունն է։
«Նա հրաժարվել է բժշկական հսկողությունից, բայց գտնվում է հացադուլավորների սենյակում։ Նշեմ, որ խոսքը չոր հացադուլի մասին չէ, ջուր օգտագործում է։ Նա առողջական բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք փաթեթով ներկայացրել ենք դատարան՝ խափանման միջոց կալանքի հարցը քննարկելիս։ Ընդհուպ մարմնի մեջ բեկոր կա. այս պահին ոտքն ուռած է, ուժեղ այտուցվել է, չգիտենք՝ որն է պատճառը: Երկու օր առաջ ինձ ասացին, որ պետք է տանեն համապատասխան հետազոտության»։
Փաստաբանն ասաց, որ այն դրվագի մասին, որով գործ է հարուցվել, նախաքննական մարմինը թույլ չի տալիս խոսել։ «Ասում են՝ նախաքննության գաղտնիք է, թույլ չեն տալիս հրապարակել։ Այնպիսի ապօրինի դրվագ է, որ ծիծաղ է առաջացնում․ միայն կարող եմ ասել, որ բալիստիկ առումով այն զենքը, որը վերագրում են, թե իբր դրանից Մանախը կրակոց է արձակել, դրա պարկուճը բալիստիկ առումով անհնար էր, որ գտնվեր այնտեղ, որտեղ իրավապահները, իբր, գտել են։ Այսինքն՝ իրենք զենքի այնպիսի տեսակ են վերագրում նրան, որը կրակելու արդյունքում իրենց ասած տարածությունում պարկուճ չէր կարող թողնել։ Փորձաքննությունը ցույց է տալու, որ այդ զենքը յոթ սանտիմետրից կրակ չի արձակում, ավելին է արձակում․ այդ զենքը կարող է անգամ դարպաս փշրել»։
Ավելին, դեպքը, որի առնչությամբ քրեական հետապնդում է հարուցվել, տեղի է ունեցել այս ամսվա սկզբին՝ Մանախի տան մոտակայքում՝ հարակից բակում։ Մանախին բերման են ենթարկել տանից։ «Ըստ նախաքննական մարմնի՝ դեպքից հետո նա հանգիստ պառկել է քնելու։ Հիմա պատկերացնո՞ւմ եք, որ մարդը մեղավոր լինի իր տան մոտակայքում կատարվածի համար, հետո հանգիստ գնա տուն ու պառկի քնելո՞ւ․ հնարավո՞ր է նման իրավիճակ»։
Հարցին, թե եթե առնչություն չունի միջադեպին, ինչո՞ւ է հրաժարվում փորձաքննություններից, փաստաբանն ընդգծեց, որ նա, այո՛, հրաժարվում է բոլոր տեսակի փորձաքննություններից՝ սկսած մատնահետք վերցնելուց մինչև արյան մեջ ալկոհոլի չափաբաժնի ստուգումը։ «Փորձաքննություններից հրաժարվել է, որովհետև չի տեսնում, որ օբյեկտիվ քննություն են իրականացնում։ Ասում է՝ իր նկատմամբ հետապնդումները կապված են ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ։ Կարծում եմ՝ առաջիկայում անպայման հայտարարություն կանի»,- ասաց փաստաբանը։
