Ներկայացնել, թե Հայրապետը անտարբեր է գտնվել իմ խնդրի վերաբերյալ, անընդունելի է և խիստ դատապարտելի
Տեր Սարգիս քահանա Սարդարյանն անդրադարձել է նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի կողմից ու Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ արշավի շրջանակներում հրապարակված զեկույցում իր ու իր ընտանիքի մասին արված հայտարարություններին։
«Վերջերս մեդիա դաշտում, հանրային եթերներում (մասնավորապես կարգալույծ Ստեփան Ասատրյան անունը կրող անձի խոսքերում) ինչպես նաև տխրահռչակ հայտնի զեկույցում հանդիպում եմ ինձ ու իմ ընտանիքին առընչվող թեմաներ, որոնք նենգաբար օգտագործվում են եկեղեցին վարկաբեկելու և իրենց սատանայական ծրագրերը ճշմարտության փոխնակ ներկայացնելու համար:
Հարկ եմ համարում կրկին անդրադառնալ այս թեմային, չնայած նրան, որ մեկ անգամ ևս խոսվել է այս թեմայով:
Ամիսներ առաջ տղայիս կատարեցինք վիրահատություն, որի գումարը համայնքի և հավատացյալ ժողովրդի կողմից հավաքվեց դրամահավաքի տեսքով:
Պողոս առաքյալի խոսքի համաձայն. «Եթե մենք հոգևոր սերմեր ցանեցինք ձեր մեջ, մե՞ծ բան է, եթե նյութական բարիք հնձենք ձեզնից» Ա Կորնթ. 9:11:
Այս ամենը չարախնդությամբ փորձում են ներկայացնել իբրև թե եկեղեցին ոչնչով չբերեց իր օգտակարությունը և հերթական ստերով շեղում են մարդկանց ճշմարտությունից:
Այդ օրերին Վեհափառ Հայրապետի հետ քանիցս հանդիպումներ եմ ունեցել, ով մեծ սրտացավությամբ և հայրական վերաբերմունքով որոշում ընդունեց անհապաղ երեխայի բժշկական թղթերը թարգմանել անգլերեն և ուղարկել աշխարհի լավագույն հիվանդանոցներ կարծիքներ իմանալու և անհրաժեշտության դեպքում վիրահատությունը կամ բուժումը այնտեղ կազմակերպելու համար:
Մինչ լծված էինք այդ գործին, բժիշկը, ով ֆրանսիայից էր ժամանել, տեղեկացրեց, որ ժամանակի խնդիր ունենք և պիտի կատարենք վիրահատություն: Ուստի Վեհափառ Հայրապետի հետ միասին որոշում ընդունեցինք վիրահատությունը կատարել Հայաստանում:
Իմ խնդրանքով, որոշեցինք դրամահավաքի միջոցով վճարել վիրահատական ծախսերը, ինչպես և արեցինք: Ամենօրյա ձևաչափով Վեհափառ Հայրապետը իր անհանգստությունը և ուշադրությունն էր բերում մեր ընտանիքին:
Այս ամենը դիտավորյալ կերպով ներկացնել իբրև թե եկեղեցին և Հայոց Հայրապետը անտարբեր են գտնվել իմ խնդրի վերաբերյալ՝ անընդունելի է և խիստ դատապարտելի:
Հոգևորականի կյանքը և դրամական միջոցները անփոփոխ չեն և կյանքի փուլեր կարող են լինել, երբ պետքի և կարիքի մեջ լինես և ժամանակներ լինեն, երբ լիության և բարօրության մեջ լինես: Ամեն պարագաներում փառք պիտի տանք երկնավոր Հորը այս կոչմանն արժանացնելու համար:
Ուստի՝ կրկին հարկ եմ համարում պահանջել այլևս չշահարկել իմ և իմ ընտանիքին առընչվող որևէ թեմաներ, հատկապես, երբ այն դիվական խաբկանքներով պիտի ներկայացվի իբրև թե ապացույց Եկեղեցու անգործության:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին գործուն է, զորավոր և հաղթական»,- նշել է Տեր Սարգիսը։
