Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի ավագ քահանա Արթենյանը գրել է․
«Համատեղ պատասխանատվություն, միակողմանի մեղադրանքներ
Եկեղեցուն հատկացված շինությունների վերաբերյալ իշխանության ներկայացուցչի հրապարակումը գույքի պահպանության հարցը վերածում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ անձնական հարձակման՝ անտեսելով այդ ոլորտում պետության պատասխանատվությունը։ Ուստի հարկ է նրան հիշեցնել Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրված պետական պարտավորությունները։
«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է․ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սեփականությունը և ազգային մշակութային ժառանգության բաղկացուցիչ մասը հանդիսացող մշակութային հաստատությունների, հավաքածուների, թանգարանների, գրադարանների, արխիվների պահպանության և հարստացման համար պետական աջակցության ծավալն ու նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է տվյալ տարվա պետական բյուջեի նախագծով՝ նախապես այն քննարկելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ»։
Նույն օրենքի 6-րդ հոդվածը նաև ամրագրում է․ «Պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցիների և պաշտամունքային այլ շինությունների պահպանությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Հայաստանի Հանրապետությունն իրականացնում են համատեղ»։
Օրենքով սահմանված համատեղ պատասխանատվությունը չի կարող անտեսվել քաղաքական նպատակահարմարությամբ։ Պետությունը պարտավոր է ստանձնել հոգևոր և մշակութային կառույցների պահպանության գործում իրեն վերապահված պատասխանատվությունն ու ապահովել իր պարտավորությունների կատարումը։ Դրանք ամբողջությամբ Եկեղեցու վրա բարդելու փորձերը հակասում են օրենքում ամրագրված համատեղ պահպանության սկզբունքին։
Մինչդեռ իշխանության ներկայացուցիչը լռության է մատնում պետությանն օրենքով վերապահված պարտավորությունները, որոնք կառավարությունը գործնականում պատշաճ չի կատարում։
Ուստի պահանջում ենք, որ իշխող կուսակցության սույն ներկայացուցիչը Եկեղեցուն մեղադրելու փոխարեն ներկայացնի, թե ի՛նչ ծրագրերով և ի՛նչ ծավալով է իրականացվել շինությունների՝ օրենքով նախատեսված համատեղ պահպանությունը, ի՛նչ աջակցություն է սահմանվել 7-րդ հոդվածում թվարկված հաստատությունների ու մշակութային արժեքների համար, երբ և ի՛նչ արդյունքներ են արձանագրել Մայր Աթոռի հետ քննարկումները, եթե դրանք եղել են։
Մայր Աթոռին հատկացված գույքի վերաբերյալ հարցերը պետք է քննվեն փաստերի, իրավական փաստաթղթերի և կողմերի պարտավորությունների ամբողջական ներկայացմամբ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին անհարգալից խոսքն ու անձնական պիտակավորումները անհարիր են պետական պատասխանատվություն կրող անձի վարքագծին։
Ազգային հոգևոր ու մշակութային ժառանգության հանդեպ իրական հոգածությունը դրսևորվում է պատասխանատու գործակցությամբ, հետևողական աշխատանքով և օրենքի պահանջների կատարմամբ, ինչն անտեսվել է և շարունակում է անտեսվել»։
