Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև
Ադրբեջանի դպրոցներում սեպտեմբերի 21-ից ընդունվել է հագուստի նոր կանոնակարգ, որով աշակերտներին արգելվում է «դպրոցական համազգեստի ամբողջականությունը խախտող կամ հանրակրթության աշխարհիկության սկզբունքին չհամապատասխանող տարրեր» հագնել։ Գործնականում այդ դրույթը կիրառվել է նաև գլխաշոր կրող աշակերտուհիների նկատմամբ, ինչի հետևանքով մի շարք դեպքերում նրանց թույլ չեն տվել մուտք գործել դպրոց։ Իրավիճակը լայն արձագանք է ստացել նաև թուրքական պահպանողական և իսլամամետ շրջանակներում։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։
RegionMonitor–ի հաղորդմամբ՝ թուրքական մի շարք լրատվամիջոցներ և հասարակական կազմակերպություններ կատարվողը համեմատել են Թուրքիայում 1997-ի փետրվարի 28-ի «պոստմոդեռնիստական» հեղաշրջման հետ, երբ աշխարհիկության պաշտպանության անվան ներքո գլխաշոր կրող կանանց նկատմամբ սահմանափակումներ էին կիրառվում կրթական և պետական հաստատություններում։
Այս իրադարձություններով պայմանավորված՝ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև «Մտքի ազատության և կրթության իրավունքների միության» («Ozgur-Der») համակարգմամբ տեղի է ունեցել բողոքի ակցիա։ Ակցիայի ընթացքում մասնակիցները պարզել են «Ո՛չ հիջաբի արգելքին Ադրբեջանում», «Գլխաշորը մուսուլման կնոջ ինքնությունն է», «Թող Ադրբեջանում փետրվարի 28-ը չկրկնվի», «Գլխաշորը Ալլահի պատվիրանն է, այն չի կարող արգելվել», «Հրաժարվե՛ք այս սխալից» գրություններով ցուցապաստառներ։
Ակցիայի կազմակերպիչ, ակտիվիստ Ահմեթ Քերիմ Արթուքը ելույթի ժամանակ նշել է․
«Աշխարհիկություն պարտադրող քաղաքականության և արտաքին քաղաքականության մեջ սիոնիստ դահիճների հետ ցուցադրվող համագործակցության պատճառով այս իշխանությունը չի կարող մեր եղբայրը լինել։ Բաքվի իշխանությունը Գազայում մեր զոհված նահատակների արյանը հավելել է նաև ադրբեջանցի գլխաշոր կրող մեր քույրերի արցունքները։ Հավատացյալների համար եղբայրությունը որոշվում է ոչ թե արյունակցական, այլ հավատքի կապով»։
Միության հիմնադիր նախագահ Հյուլյա Շեքերջին, ելույթում անդրադառնալով Ադրբեջանում ժողովրդի և իշխանության միջև տարբերակմանը, նշել է, որ «մեկ ազգ, երկու պետություն» հռետորաբանությունը չի կարող օգտագործվել որպես ճնշումներն արդարացնող վահան։
Ակցիան ավարտվել է «Տե՛ր կանգնիր քո հավատքին, գլխաշորին և ինքնությանը», «Հիջաբի արգելքը եղբայրության ամոթն է», «Թող կոտրվեն հիջաբի դեմ մեկնված ձեռքերը», «Հիջաբի ազատությունը եղբայրության պահանջն է», «Մարդասպան Իսրայել, համագործակից Ալիև», «Կեցցե՛ մեր իսլամական պայքարը» և «Մուսուլմանը չի կարող լուռ մնալ բռնության առջև» կարգախոսների ուղեկցությամբ։
