Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է Ազգերի լիգայի շրջանակում Չեռնոգորիայի դեմ կայացած խաղից հետո իր հասցեին հնչած քննադատություններին։
Խոսելով Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառման մասին՝ դարպասապահը նշել է, որ իր համար հաճելի չէր նման արձագանքը։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2-3 հաշվով պարտություն էր կրել Չեռնոգորիայից (մանրամասներն՝ այստեղ)։ Այդ հանդիպումից հետո Արայիկ Հարությունյանը սոցիալական ցանցում քննադատել էր դարպասապահի խաղը՝ գրելով. «Ո՞նց կարող է Չանչարևիչը շարունակել մնալ հավաքականի դարպասապահ, ո՞նց…»:
«Ինչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի մի մարդու հանդեպ, որը երբեք ոչ մեկին չի վնասել: Խաղից հետո ես էլ էի տխուր, և ինձ համար սա նորմալ չէր: Ես ամուր հոգեբանություն ունեմ և վստահ եմ, որ ֆեսյբուքյան մեկ հրապարակումը չի կարող զրոյացնել այն ամենն, ինչ արել եմ: Ես միշտ 300 տոկոսով նվիրվելու եմ, անգամ մեկ ոտքով, ունենամ վնասվածք, թե ոչ, ինձ համար միևնույն է, ես ամեն կանեմ, որ Հայաստանը հնարավոր ամենալավ արդյունքն ունենա»,- ասել է Չանչարևիչը՝ հավելելով, որ թիմակիցներն ու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն իրեն աջակցել են այդ բարդ պահին։
Նշենք նաև, որ Օգնյեն Չանչարևիչը դուրս է մնացել Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակից և թիմի հետ չի մեկնել Կիպրոս՝ տեղի հավաքականի և հոկտեմբերի 5-ին Չեռնոգորիայի հավաքականի հետ խաղերին։
Armsport
