Սասունյան. Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում հաճախ մեծ հակազդեցություն են առաջացնում։

ՄԱԿ-ում օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հետ նախատեսված հանդիպումներից զատ՝ Փաշինյանը որոշեց Նյու Յորքում սեպտեմբերի 23-ին հանդիպել «Համահայկական ուսանողական միության» (ASA) անդամ հանդիսացող մի խումբ ամերիկահայ ուսանողների հետ։ Ըստ էության, սա Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գործառույթն է, սակայն վերջինիս չէին խնդրել ուղեկցել վարչապետին ԱՄՆ այցելության ընթացքում։

Հաշվի առնելով հայկական հարցերի վերաբերյալ Փաշինյանի խնդրահարույց դիրքորոշումները՝ ASA-ի խորհուրդը ոչ միայն խախտեց կազմակերպության՝ «ապաքաղաքական» մնալու սկզբունքը, այլև վարչապետի հետ կայանալիք հանդիպման մասին չտեղեկացրեց և չխորհրդակցեց Միացյալ Նահանգների All-ASA-ի տարբեր մասնաճյուղերի ղեկավարների հետ։

Փաշինյանի հետ հանդիպումը պառակտում առաջացրեց «Համահայկական ուսանողական միության» անդամների շրջանում։ Միության Արևելյան տարածաշրջանի փոխտնօրեն Թամարա Գ. Նահապետյանը, դեմ արտահայտվելով այդ հանդիպմանը, հրաժարական տվեց։ Նա ինձ հայտնեց, որ հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ՝ ««Ապաղաքական» All-ASA-ն մտնում է քաղաքական դաշտ» վերնագրով՝ ափսոսանք հայտնելով, որ Փաշինյանին հաջողվեց ապակայունացնել և պառակտել Սփյուռքում գործող ոչ կուսակցական ու ապաղաքական այս հայկական կազմակերպությունը։ Միության խորհրդի մեկ այլ անդամ ևս հրաժարական տվեց։ All-ASA-ի առնվազն երեք մասնաճյուղեր հանդես եկան հայտարարությամբ՝ տարանջատելով իրենց Փաշինյանի հետ հանդիպելու All-ASA-ի որոշումից։ Թեև միության անդամներն ազատ են իրենց քաղաքական հայացքներում, All-ASA-ն անկախ հովանոցային կազմակերպություն է, և չափազանց վնասակար է պառակտում մտցնել այն երիտասարդների շրջանում, որոնք դառնալու են ամերիկահայ համայնքի ապագա առաջնորդները։

Սակայն խնդիրն ավելի խորն է, քան պարզապես ASA-ի ներքին տարաձայնությունները կամ սփյուռքահայության շրջանում քարոզչական հաջողություն գրանցելու՝ Փաշինյանի ձգտումը։ Խոսքը Հայաստանի կառավարության՝ Սփյուռքն օտարելու ութամյա քաղաքականության շարունակության մասին է. քաղաքականություն, որին դեմ է սփյուռքահայության մեծ մասը՝ չընդունելով Փաշինյանի զիջողական կեցվածքն ու Հայաստանի թշնամիներին արվող անվերջանալի զիջումները։ Այս գործընթացն սկսվեց 2018 թվականին՝ Փաշինյանի իշխանության գալուց հետո Սփյուռքի նախարարության լուծարմամբ, որին հաջորդեցին Սփյուռքից ստացվող մարդասիրական օգնությունից հրաժարվելու մասին բազմիցս հայտարարությունները, ընտրության օրը քվեարկելու նպատակով Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների մուտքի արգելափակումը, սփյուռքահայերի համար Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացի բարդացումը, օտարերկրացիների ներգաղթի խրախուսումը (երկրի բնակչության «մոնոէթնիկ» պատկերը փոխելու նպատակով), Հայոց ցեղասպանության փաստերը կասկածի տակ դնելը, Արարատ լեռան ու հայկական այլ սրբազան խորհրդանիշների պատմական նշանակության արժեզրկումը, ինչպես նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանձնումը Ադրբեջանին։

Այլ երկրներում հայ համայնքների հետ նախկինում կայացած հանդիպումների ժամանակ վարչապետը պահանջում էր, որ մասնակիցները մինչև հանդիպման ավարտը հանձնեն իրենց բջջային հեռախոսները։ Այնուհետև Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր իր ելույթից միայն կարճ հատվածներ՝ բացառելով ներկաների հնչեցրած որևէ հարց։ Մասնակիցները նախապես ընտրվում էին, որպեսզի ոչ ոք չբարձրացներ վարչապետի դիրքորոշմանը հակասող որևէ անհնարմար հարցադրում։

ASA-ի ղեկավարներն սկզբում խնդրել էին ուսանողներին իրենց հարցերը նախապես գրավոր ներկայացնել։ Ավելի ուշ՝ բողոքներից հետո, նրանք որոշեցին թույլ տալ ուսանողներին ուղղակիորեն հարցեր տալ։ Հանդիպումից հետո ASA-ի ղեկավարները հայտարարություն տարածեցին՝ պատճառաբանելով. «Համայնքից ստացված որոշ արձագանքներից հետո հետադարձ հայացքով գիտակցում ենք, որ թափանցիկության ապահովման նպատակով մեր ներքին հաղորդակցությունը կարող էր ավելի լավը լինել»։ ASA-ի հայտարարությունն ինստագրամյան էջում առայժմ հավաքել 172 մեկնաբանություն, որոնք հիմնականում քննադատական բնույթ են կրում։ Բազմաթիվ դժգոհություններ են հնչել առ այն, որ ուսանողների բացասական մեկնաբանությունները ջնջվել են։ Ոմանք պահանջել են ASA-ի խորհրդի հրաժարականը։

Եթե Փաշինյանն իսկապես մտադիր էր հանդիպել Նյու Յորքի ամերիկահայ համայնքի հետ, ինչո՞ւ նա մեծ դահլիճ չվարձակալեց և համայնքի հարյուրավոր ներկայացուցիչների հնարավորություն չտվեց լսելու իրեն, ինչպես նաև հարցեր ուղղելու և քննադատելու իր հակահայկական քաղաքականությունը։

Հայաստանի կառավարությունը հակասական դիրքորոշում ունի Հայաստանի գործերին Սփյուռքի ներգրավվածության վերաբերյալ։ Մեզ ասում են, թե իրավունք չունենք կարծիք հայտնելու Հայաստանի Հանրապետությանն առնչվող հարցերի մասին։ Նման անհեթեթ պնդում անողները մոռանում են, որ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է՝ անկախ նրանց բնակության վայրից։ Սփյուռքահայերին Հայաստանի հարցերով կարծիք հայտնելուց զերծ մնալու կոչերի իրական պատճառն այն է, որ Փաշինյանի անհանդուրժող աջակիցներին դուր չեն գալիս Սփյուռքից հնչող հակադիր տեսակետները։ Վստահ եմ՝ եթե սփյուռքահայերը քննադատելու փոխարեն գովաբանեին Փաշինյանին, Հայաստանում ոչ ոք չէր համարձակվի ասել՝ «Դուք իրավունք չունեք կարծիք հայտնելու»։ Բացի այդ, անկախ կարծիքի բնույթից՝ մարդիկ ամենուրեք արտահայտվելու իրավունք ունեն։ Այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը ժողովրդավարության այն հիմնարար սկզբունքների խախտումն է, որոնց պահպանման մասին բարձրաձայնում է վարչապետը։

Փաշինյանը չի կարող Սփյուռքի նկատմամբ նման բացասական դիրքորոշում որդեգրել, իսկ հետո ASA-ի անդամներին հրավիրել իր հետ հանդիպման։ Ավելին, քանի որ Փաշինյանը բազմիցս պնդել է, թե Հայաստանի կառավարությունն ի վիճակի է լիովին հոգալ բնակչության կարիքները և արտաքին օգնության կարիք չունի, ապա ինչո՞ւ է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով ամենամյա դրամահավաք կազմակերպում տասնյակ երկրներում։ Հայաստանում տեղակայված այս հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գլխավորում է Հայաստանի Հանրապետության նախագահը, որին միանում է վարչապետը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ինչպես իր բողոքում նշել է Թամարա Գ. Նահապետյանը. «Չի կարելի Սփյուռքին միաժամանակ անտեսել՝ որպես Հայաստանի քաղաքականության համար անկարևոր գործոն, և միևնույն ժամանակ օգտագործել նրան՝ որպես այդ քաղաքականության լսարան»։

Գովասանքի են արժանի այն ուսանողները, որոնք դեմ արտահայտվեցին Փաշինյանի հակահայկական քաղաքականությանը և մերժեցին նրա հետ հանդիպելու՝ ASA-ի խորհրդի անդամների որոշումը։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 63 անգամ
Լրահոս
FlyDubai-ի անձնակազմի կազմում երկու օդաչու է եղել՝ մեկը Ռուսաստանից, մյուսը՝ Ուկրաինայից Հակասահմանադրական զեկույցով ՀՀ իշխանությունը միջամտում է Եկեղեցու ներքին կյանքին․ «Հայաքվեն»՝ ԵՀԽ-ին Flydubai ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում՝ առևանգման մասին ազդանշանից հետո Նոր մանրամասներ` Երևանում երեկ տեղի ունեցած՝ 3 աշխատակիցների մահվան դեպքից Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել Օրը 5000 դրամն ինչի՞ մեծ փող ա․ ֆինանսական սկանդալի մեջ հայտնված ՔՊ-ականի եղբայրն արդարանում է (video) Կաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին. Սամվել դպիր Գրիգորյան ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված սպառնալիք․ Աբրահամյան Հանեք այս օրենքը․ դուք հենց հիմա ավելորդ ֆինանսական բեռ եք ստեղծում քաղաքացիների վրա․ Մնացականյան (video) Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերով. «Իրավունք» Այդ ո՞ւմ լավ աշխատանքի համար են տրվում այդքան պարգևավճարներ․ դուք տեսե՞լ եք՝ ինչ վիճակ է․ Աբրահամյան (video) Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել #ՀԻՄԱ․ Նիկոլականնե՛ր, սպասեք՝ հետևանքները շատ ծանր են լինելու․ Դերենիկ Մալխասյան (video) Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում Երուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքը Սասունյան. Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով Իրավիճակը ԱԺ–ում․ «Շատ էկզոտիկ զանգեր ա հա գալիս ձեզ․ անջատեք էդ ձենը»․ Մեսրոպ Մանուկյան (video) Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է Աշխարհաքաղաքական դատավարության հակառուսական կողմը ԱՄՆ՝ «Բաց աշխարհ». ԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր՝ Ամերիկայում. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում. «Ժողովուրդ» 3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածել Պուտինը արգելել է Ռուսաստանից մի շարք երկրներ մեկ միլիոնից ավելի կանխիկ ռուբլուց ավելի գումարի արտահանումը Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am