«ԼՈՒՅՍ» հիմնադրամ․ Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, աճի կառուցվածքը՝ անհավասարակշիռ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ամփոփել է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումները 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին՝ նշելով, որ տնտեսական ակտիվության աճը շարունակում է մնալ բարձր մակարդակում, սակայն վերջին ամիսներին նկատվում է դրա աստիճանական դանդաղում։
Հիմնադրամի տվյալներով՝ հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության կուտակային աճը կազմել է 7.3%։ Աճին հիմնականում նպաստել են ծառայությունների, արդյունաբերության և շինարարության ոլորտները։ Միաժամանակ, օգոստոսին արդյունաբերությունում անկում է գրանցվել, իսկ առևտրի աճը գրեթե զրոյական է եղել։
«ԼՈՒՅՍ»-ը նաև ուշադրություն է հրավիրում արտաքին առևտրի ցուցանիշների վրա։ Օգոստոսին արտահանումն աճել է 1.3%-ով, սակայն հունվար-օգոստոսի ընթացքում արտահանման կուտակային անկումը կազմել է 6.5%։ Ներմուծումը օգոստոսին աճել է 14.9%-ով, իսկ ութ ամիսների ընթացքում՝ 9.3%-ով։
Հարկաբյուջետային հատվածում ընթացիկ ծախսերն աճել են 17.8%-ով, մինչդեռ կապիտալ ծախսերը նվազել են 25%-ով։ Հիմնադրամի գնահատմամբ՝ կապիտալ ծախսերի նվազումը սահմանափակում է բյուջետային ներդրումների միջոցով տնտեսության երկարաժամկետ ներուժի զարգացման հնարավորությունները։
Միաժամանակ, աճել է արտերկրից Հայաստան դրամական միջոցների զուտ ներհոսքը։ 2026 թվականի հունվար-հուլիսին բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է շուրջ 1.87 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 716.6 մլն դոլարի փոխարեն։ Ըստ հիմնադրամի՝ այն աճել է 2.61 անգամ կամ 160.6%-ով։
