Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
Խորհրդարանական ընդդիմությունը հրապարակավ հայտարարել էր, որ Փաշինյանի Սահմանադրությունը երբ պատրաստ լինի, ապա այդ ժամանակ միասնական ուժերով կընդդիմանան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ նշելով, որ եթե ընդդիմությունն ուզում է ընդդիմանալ, ապա չպետք է սպասի, որ հակառակորդն առաջին քայլն անի։
«Ես էլ ասացի, որ կարգին, փորձառու մարդը ոչ թե սպասում է, որ հակառակորդը քայլ անի, այլ ինքն ունենում է իր ուղին․ եթե դուք չունեք, ապա ես ներկայացրել եմ նախագիծ։ Եթե միայն ինձ չեք վստահում, ապա 18 քաղաքական ուժեր դրան հավանություն են տվել, ինչը բացառիկ բան է։ Այնպես որ դուք գոնե հարցրեք՝ 10 անգամ ստանալով, Նիկո՛լ Փաշինյան, ինչո՞ւ եք, խախտելով կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը, հրամայել չքննարկել այդ նախագիծը։ Դրանով փակում եք Նիկոլի բերանը․ երբ Սահմանադրություն բառը կասի, ասում եք՝ դուք, կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը խախտելով, ծանր կոռուպցիոն հանցագործություն եք կատարել, հետևաբար Սահմանադրության մասին մի՛ էլ խոսեք»,- ասել է Հայրիկյանը։
Նա նշել է, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներից 1-2 հոգի են միայն արձագանքել իրեն՝ հանդիպում խնդրելով, սակայն այդպես էլ հանդիպումը չի եղել։ Հայրիկյանը, սակայն, չցանկացավ անուններ հնչեցնել, թե ովքեր են պատրաստակամ եղել հանդիպել իր հետ։
«Իմ կողմից սիրված մարդիկ են, դրա համար վատ եմ զգում, որ իրենք այդպես իրենց պահեցին։ Զանգում, ասում են, որ ուզում են հանդիպել, որ լավ հասկանան։ Լավ հասկանալու ի՞նչ կա․ ցանկացած գրագետ հայ գիտի, որ 2014 թվականին պաշտոնապես նախագիծ է ներկայացվել, նախկինները դա կոծկեցին ու այսքան փորձանք բերեցին ժողովրդի գլխին։ Փաստորեն, ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին ընդդիմադիր կուսակցությունները հարցուպատասխանի ժամանակ չեն խոսում։ Դա նաև իրենց է վերաբերում, իրենք լռում են, էլ ի՞նչ ընդդիմություն։ Եթե ամենակարևորի մասին չես խոսում, նշանակում է, որ ինչ-որ բանից կախվածություն ունես»,- ասել է նա։
Հայրիկյանի դիտարկմամբ՝ 18 քաղաքական ուժերի հավանությանն արժանացած նախագիծը քննարկման չի դրվում, սակայն կարող են անգամ քննարկել ու մերժել, բայց մերժել չեն կարող։
Ինչ վերաբերում է հավանություն տված 18 քաղաքական ուժերին, ապա Հայրիկյանը նշել է, որ դրանց շարքում են անգամ իրարամերժ ուժեր։
«Իրարամերժ քաղաքական ուժեր են, օրինակ՝ Սուրեն Սուրենյանցն ու Տիգրան Խզմալյանը, ԱԺԲ-ն և Վարդան Ղուկասյանի շտաբի պետը, «Նորացված կոմունիստական» կուսակցությունը, Յուրի Վարդանյանը մահացավ, բայց այդ գիծը շարունակվում է, «Դեմոկրատական» կուսակցությունը, «Կառուցողական» կուսակցությունը, որը նույնիսկ ինքն է այդ փաթեթը ներկայացրել մեկ անգամ, և այլն։ Բոլորն էլ հրապարակավ են դիմել, ոչ մեկի անունը գաղտնիք չէ։ Ես ինձանից կախված ամեն բան արել եմ, բանն այն է, որ Հայաստանը միայն իմ երկիրը չէ։ Ես խորհրդարանական ընտրություններին մասնակցելը համարեցի անհարգի մի բան այս պիղծ Սահմանադրությամբ ու պիղծ Ընտրական օրենսգրքով, բայց մարդիկ կային, որ պետք է գնան ու հասնեն իշխանության, իշխանափոխություն անեն և այլն։ Հիմա իրենք որոշ չափով ձայն ունեն, ու իմ բարձրացրած խնդիրը ոչ թե մեզ է վերաբերում, այլ առաջինն իրենց է վերաբերում։ Եթե 18 կուսակցությունների առաջարկը մերժվում է, ու դու հանդուրժում ես, դու դառնում ես հայ ժողովրդի թշնամիների դաշնակիցը»,- ասել է Հայրիկյանը։
