Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Լատվիայի ընտրանուն։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը տելեգրամյան «инсайдЯН» ալիքին տված հարցազրույցում խոսել է ազգային թիմում ստեղծված իրավիճակի և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մասին։ Ավելի վաղ Մելիքյանը նշել էր, որ հիասթափված է այն ֆուտբոլիստներից, որոնք հանդես են գալիս իրենց ակումբներում, բայց հրաժարվում են մասնակցել ազգային թիմի խաղերին։
«Ես լիովին համամիտ եմ Եղիշե Մելիքյանի խոսքերին առ այն, որ նա հիասթափված է այն ֆուտբոլիստներից, որոնք ակումբային կարիերան վեր են դասում հավաքականից։ Չեմ ցանկանում ոչ մեկին մեղադրել, բայց անձամբ ինձ համար Հայաստանի հավաքականն ամեն ինչից վեր է։ Համաձայն եմ Մելիքյանի հետ։
Բոլորը հիշում են՝ ինչերի միջով եմ անցել ու ինչպես եմ վերադարձել Հայաստանի հավաքական։ Նշանակություն չունի, որ ֆուտբոլիստները 30 և ավելի տարեկան են։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես նրանք կարող են իրենց փորձը փոխանցել երիտասարդներին։
Բերեզովսկին խաղացել է մինչև 42 տարեկան և ինձ շատ բան է սովորեցրել. ես նրանից իսկապես շատ բան եմ վերցրել: Թիմում տարիքով ֆուտբոլիստի ներկայությունը շատ բան է փոխում: Ես հավատում եմ Եղիշե Մելիքյանին։ Նա այն մարզիչն է, որն անհրաժեշտ է Հայաստանի հավաքականին: Նույնիսկ եթե հավաքականը ձախողվի Ազգերի լիգայում, պետք չէ միանգամից մտածել մարզչի հեռանալու մասին։
Իսկ ո՞վ նրա փոխարեն։ Ես հիշում եմ նրա խոսքերը, երբ նա եկավ և ժամանակ խնդրեց։ Բայց տեսեք՝ հավաքականի առաջատարները՝ Հարոյանը, Համբարձումյանը և Բարսեղյանը, չեն գալիս հավաքական։ Մելիքյանը շանս է տալիս երիտասարդ ֆուտբոլիստներին»,- նշել է Մովսիսյանը։
Նախկին հարձակվողն անդրադարձել է նաև Արթուր Ղարիբյանին.
«Ես դիտել եմ Արթուր Ղարիբյանի խաղը «Զենիթի» դեմ, երբ նա դուբլ ձևակերպեց։ Հավանաբար, դա նրա կարիերայի լավագույն հանդիպումն էր։ Նա շատ յուրահատուկ տվյալներ ունի. ցանկացած ակումբ կցանկանար իր կազմում ունենալ նման որակներով հարձակվող։ Հուսով եմ, որ Հայաստանի հավաքականում նա կդառնա առաջատար։ Եթե Ղարիբյանը մի փոքր փորձ ձեռք բերի և կանոնավոր կերպով խաղային պրակտիկա ստանա, նա կարող է մեծ հարձակվող դառնալ: Նա ներուժ ունի դառնալու առաջատար և՛ ակումբի, և՛ Հայաստանի հավաքականի համար»,- ամփոփել է նախկին հարձակվողը։
Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի առաջին տուրի Հայաստան – Լատվիա հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին։
