Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Հարց, որի մասին շատ քիչ է խոսվում…
Ներկայումս շատերն են գրում և իրենց արդարացի մտահոգությունն արտահայտում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ մղվող թշնամական քաղաքականության նոր ալիքի վերաբերյալ։ Այն, որ Ադրբեջանը անցնում է ագրեսիվ խոսույթի, ակնհայտ է, պատճառները կարող են լինել թե՛ արտաքին, թե՛ ներքին, թե՛ դրանց համադրությունը։ Սակայն կա մի թեմա, որի շուրջ մեր հանրային դաշտում երբեք պատշաճ քննարկում չի ծավալվել։
Եթե հիշեք՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դեռևս 2025 թվականի մարտի 13-ին հայտարարեց, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը վերջնականացվել է, բանակցություններն ավարտվել են, և խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Հայաստանն ընդունել է Ադրբեջանի նախկինում չլուծված երկու հոդվածների վերաբերյալ առաջարկները՝ հետ կանչել երկու կողմերի ներկայացրած միջազգային դատական հայցերը և արգելել երրորդ կողմի դիտորդների կամ զորքերի տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։
Թվում էր, թե այսպես կոչված խաղաղությունը ավելի մոտ է, քան երբևէ, բայց համաձայնագրի նախագծի վերջնականացումից հետո Ադրբեջանը նախաձեռնեց ծավալուն տեղեկատվական արշավ: Թեև այս արշավն արդեն սկսվել էր մինչև մարտի 13-ի հայտարարությունը, հիմնականում Ադրբեջանի կառավարության հետ փոխկապակցված լրատվամիջոցների միջոցով, այն ուժեղացավ մարտի 13-ից հետո՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ուղղակի ներգրավմամբ, որը շարունակաբար հրապարակում էր կեղծ և անհիմն հաղորդագրություններ՝ պնդելով, թե իբր հայկական կողմը կրակ է բացել սահմանի տարբեր ուղղություններով։ Մարտի 16-ից մինչև ապրիլի վերջ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է 26 նման հաղորդագրություն՝ 16-ը մարտին և 10-ը՝ ապրիլին։
Վերջերս էլ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը «Լուրջ Cast» հաղորդման շրջանակներում խոսեց այն մասին, որ այդ պահին կար էսկալացիայի ռիսկ։
Այսինքն՝ ակնհայտ օրինաչափություն կա. որքան արագ է ու աներկբա է Հայաստանի ղեկավարությունը համաձայնվում իրագործել Ադրբեջանի պահանջները, այնքան վտանգավոր, հանդուգն ու ագրեսիվ է դառնում Ադրբեջանը։ Ադրբեջանն ունի իր պատճառը՝ այդ պետության ղեկավարությանը պետք չի իրական խաղաղություն։ Իրեն պետք է երկարաժամկետ առումով այնպես ձևախեղել հայկական ազգային պետությունը, որ այն իրենից ոչինչ չներկայացնի։ Իսկ նման մաշեցնող, միակողմանի զիջումներից բաղկացած գործընթացը դրա լավագույն միջոցն է։
Հիմա կասեք՝ Փաշինյանը ձևախեղում է հայկական պետությունը, չէ՞, կասեմ՝ այո, բայց ինքը այդ հարցում իրականում չի հաջողում, նույն եկեղեցու թեման «Քանդենք պետությունը» կուսակցության քաղաքական մեծագույն սխալն է եղել, իրենք երբեք չպետք է մտնեին այդ դաշտ, իրենք այդ հարցում միայն կորցնում են։
Իսկ Ալիևին զսպելու ձևը դա նրա առաջ, կներեք բառիս համար, «կզելը» չի, դա նրա հետ հավասարը հավասարի զրույցն է, դա հզորացումն է, դա միջազգայինների ակտիվ ներգրավվածությունն ապահովելն է, դա նրան հայ գերիներ պահել թույլ չտալն է, դա նրան պատերազմական հանցագործություններից չմաքրելն է, դա թույլ չտալն է, որ նա հեշտ ու հանգիստ մարսի Արցախում իրականացրած էթնիկ զտման քաղաքականությունը։
Առհասարակ, եթե ուզում ես քեզ հարգեն ու քո հետ հաշվի նստեն, պետք է դադարես լինել խեղճ։ Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը, վերջին տարիների իրադարձությունները դրա վառ ապացույցն են․․․»:
