Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, հաղորդում է Shamshyan.com–ը։
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Անաստաս Միկոյան փողոցում՝ «Արև» սուպերմարկետի մոտ, մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը հետո վերածվել է ծեծկռտուքի, ու այդ ժամանակ հնչել են կրակոցներ։
Ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ ժամը 18:30-ի սահմաններում Միկոյան 15 շենքի «Արև» սուպերմարկետի մոտ Երևանի բնակիչ 19-ամյա Ջիվան Թ.-ն, Լոռու մարզի բնակիչներ 17-ամյա Արման Հ.-ն, 19-ամյա Հովիկ Հ.-ն, Երևանի բնակիչներ 25-ամյա Լևոն Ա.-ն, 16-ամյա Տիգրան Թ.-ն, 18-ամյա Ավետ Մ.-ն անպարկեշտ վերաբերմունք են դրսևորել Երևանի բնակիչ 37-ամյա մի կնոջ նկատմամբ, ինչի հետևանքով վիճաբանություն է ծագել 37-ամյա կնոջ, նրա 59-ամյա հոր, 60-ամյա մոր միջև, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ Ջիվան Թ․-ն և նրա հետ եղած նշված անձինք ծեծի են ենթարկել 37-ամյա կնոջը, նրա հորն ու մորը, ինչի հետևանքով վերջիններին պատճառվել են մարմնական վնասվածքներ։
Տեսնելով, որ իրավիճակը շիկանում է, ծեծված կնոջ հայրը իր մոտ եղած գազային ատրճանակով նախազգուշական 2 անգամ օդ է կրակել, որից հետո դիմացինները դիմել են փախուստի։
Կարճ ժամանակ անց Նոր Նորք վարչական շրջանում համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծված կնոջ հորը և տեղափոխել են ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նրա մոտ հայտնաբերվում է հանցագործության գործիք ատրճանակը։
Ոստիկանները հայտնաբերել են նաև «BMW X7» մակնիշի ավտոմեքենան, որով կռվի մասնակիցներից մեկը հեռացել էր դեպքի վայրից։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կռվի մասնակիցներին հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու համար։
