«Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է
Գորիսի համայնքապետի թեկնածու Արգամ Հովսեփյանը տեղյակ չէ, որ երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված համայնքապետի թեկնածուն է Գորիսում։
«Առո՞ւշն է անցել իշխանության կողմ։ Ես չգիտեմ, նրա դեմ ոչինչ չունեմ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հովսեփյանը՝ փոքր-ինչ զարմանալով։
Ավելի վաղ գրել էինք, որ Գորիսում ՔՊ-ի թեկնածուն երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանն է, ով իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով։ Ցուցակը գլխավորում է հենց Առուշանյանը։ Գորիսում ՔՊ-ի դեմ կպայքարի «Ապրելու երկիր» և «Հայկական քվե» կուսակցությունների «Ապրելու քվե» դաշինքը, որի համայնքապետի թեկնածուն Արգամ Հովսեփյանն է, իսկ ընդդիմադիր մյուս ուժերը Գորիսում չեն մասնակցի ընտրություններին։
«Ես ուղղակի երկար տարիների փորձից, համայնքային կառավարման երկար տարիների փորձն օգտագործելու համար, Գորիս համայնքի զարգացման ու բարգավաճման համար եմ թեկնածությունս դրել։ Ես չեմ կարծում, որ ինքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից է առաջադրվել։ Չգիտեմ ես։ Բոլորիս էլ հաջողություն, ով կհաղթի՝ կհաղթի»,-ասել է Հովսեփյանը։
Նա հավելել է, որ բնակիչների տրամադրվածությունը նորմալ է, նա այս օրերին շփումներ է ունենում տեղի տարբեր բնակիչների հետ։
«Շփումներ ունենում եմ բոլորի հետ, Առուշի կողմնակիցների հետ էլ։ Բոլորին էլ ճանաչում եմ, ջերմ ողջունում ենք իրար, այնպես չի, որ մենք թշնամի ենք»,-ասել է նա։
Աղբյուր՝ Փաստինֆո
