Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ».
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Պաշտպանության նախարարությունում, մեր տեղեկություններով, շարունակում են ուշադիր հետեւել այլ երկրներում անօդաչու տեխնոլոգիաների զարգացմանը։ Չնայած արդեն համագործակցում են անօդաչու թռչող սարքերի հայրենական արտադրողների հետ, որոշել են ավելի զանգվածային մատակարարումներ ապահովել ՀՀ զինված ուժերի համար։ ՊՆ փորձագետների կարծիքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է հարվածային դրոնների (մինչեւ 500 կմ հեռահարությամբ) քանակը մեծացնել։
Այս կապակցությամբ ՊՆ-ում իրականացվել է միջին հեռահարության ԱԹՍ-ների առավել հեռանկարային արտասահմանյան նմուշների համեմատական վերլուծություն՝ գնումների հարմար տարբերակները գտնելու համար։ Դիտարկվել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իրանում, Ուկրաինայում, Իսրայելում, Հնդկաստանում, Չինաստանում եւ Ռուսաստանում արտադրվող անօդաչուները։ Ռազմական փորձագետներն առավել հարմար տարբերակ են համարել հնդկական Divyastra MK-1-ը։ Այն ռեկորդային ցածր արժեք ունի, արհեստական բանականության օգտագործման հնարավորություն եւ զանգվածային խմբերի կազմում կիրառում։
Այս ցուցանիշներն այն դարձնում են առավել նախընտրելի նմուշ՝ համեմատած մյուս նմուշների հետ։ Օրինակ, ռուսական Orion-ն առանձնանում է միայն մեծ մարտական ծանրաբեռնվածությամբ, իրանական Meraj-532-ը՝ պատրաստման մեկնարկային արագությամբ, ամերիկյան LUCAS-ը՝ իր դասի ավելցուկային հեռահարությամբ, իսկ ուկրաինական Palianytsia-ն՝ թռիչքի ավելի մեծ արագությամբ։ Ընդ որում, զինվորականների կարծիքով, անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում այդ երկրների հետ համագործակցությունը որոշակի քաղաքական խնդիրներ է պարունակում։ Եթե Հայաստանը դրոններ գնի Ռուսաստանից, ապա դժգոհություն կառաջանա Եվրոպայից, եթե ԱՄՆ-ից` Իրանից, եթե Ուկրաինայից` Ռուսաստանից, եւ այլն։ Այնպես որ, Հնդկաստանի հետ համագործակցությունն առավել հավասարակշռված եւ շահավետ լուծում է»։
