Նավթի գների աճը Սիրիայում հանգեցրել է հակակառավարական զանգվածային ցույցերի․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին է անդրադարձել․
«Եմենում Իրանի դաշնակից «Անսարալլահի» հաջողություններն ունեն շատ կարևոր առանձնահատկություն։ Դրանք ոչ թե մարտավարական, այլ հենց ռազմավարական բնույթի են, ինչը հսկայական ազդեցութուն է թողնում Մերձավոր Արևելքում լայն իմաստով։
«Անսարալլահի» գործողություններն, ըստ էության, հանգեցրել են Սաուդյան Արաբիայի «նավթային» շրջափակմանը, և այդ երկրի, Պակիստանի ու Թուրքիայի միջև վերջերս ստեղծված «իսլամական ՆԱՏՕ»-ի անգործունակության ցուցադրմանը։
Կարմիր ծովում իսրայելական Էյլաթ նավահանգիստը նույնպես, փաստացիորեն, կորցրել է իր նշանակությունը։
Կանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը՝ Սուեզի ջրանցքով բեռնափոխադրումների կրճատման դեպքում։
Նավթի գների աճը Սիրիայում հանգեցրել է հակակառավարական զանգվածային ցույցերի՝ ստեղծելով նկատելի ռիսկեր ներքաղաքական կայունության առումով, ինչն իր հերթին վտանգում է Թուրքիայի դիրքերի ամրապնդումն այդ երկրի ներսում։
Եվ այս ամենն իրականացրել է Իրանի դաշնակից «Անսսրալլահը»՝ զեյդիական շիայական գաղափարախոսությամբ զինված մի ուժ, որի գաղափարական հայր, Իրանում հոգևոր կրթություն ստացած Հուսեյն ալ-Հութին՝ հետևելով իր նախնիների ավանդույթին, պնդում էր, որ խաղաղությունը նվաճվում է պատերազմով, այլ ոչ թե հանձնվելով»։
