Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ կապված քրեկան վարույթով նոր մեղադրյալներ կան
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ կապված քրեկան վարույթով նոր մեղադրյալներ կան։
Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի նախկին պետ Բակուր Աղաջանյանին, ՀՀ ոստիկանության զորքերի կադրերի բաժնի նախկին պետ Արման Ավետիսյանին և ՀՀ ոստիկանության զորքերի ֆինանսական բաժնի նախկին պետ Գեղամ Հովհաննիսյանին։
Բակուր Աղաջանյանը և Արման Ավետիսյանը մեղադրվում են պաշտոնեական կեղծիք կատարելու համար, իսկ Գեղամ Հովհաննիսյանն առանձնապես խոշոր չափերով գույքի վատման եղանակով հափշտակության համար։
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2011-2018 թվականներին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանը, 2015 թվականի մարտի 7-ի հրամանով, դստերը՝ Յուլիա Գասպարյանին նշանակել է ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, սակայն վերջինս աշխատանքի չի հաճախել, որի մասին, ի թիվս այլնի, տեղեկացված են եղել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, նույն զորքերի կադրերի բաժնի պետ Արման Ավետիսյանը և շտաբի պետ Բակուր Աղաջանյանը:
Լևոն Երանոսյանը, անձնական այլ շահագրգովածությունից ելնելով, ցանկացել է Յուլիա Գասպարյանին շնորհել ավագ սպայական կազմի հերթական՝ «փոխգնդապետ» զինվորական կոչումը, սակայն գիտակցելով, որ ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին մնալու դեպքում վերջինիս չի կարող շնորհվել ավագ սպայական կազմի հերթական կոչում, նշված գործընթացն ի կատար ածելու համար պայմաններ ստեղծելու նպատակով, 2018 թվականի մարտ ամսին իր ենթակա՝ ՀՀ ոստիկանության զորքերի կադրերի բաժնի պետ Արման Ավետիսյանին, հանձնարարել է կազմակերպել Յուլիա Գասպարյանին բարձր պաշտոնի նշանակելու ձևական գործընթացը՝ այդ կերպ հնարավոր դարձնելով վերջինիս զինվորական հերթական կոչման շնորհումը:
Արման Ավետիսյանը, գիտակցելով, որ Յուլիա Գասպարյանն աշխատանքի չի հաճախում և իր վրա դրված աշխատանքային պարտականությունները չի կատարում, կազմել է 2018 թվականի մարտի 16-ի թվագրմամբ, որակավորման և բարձր պաշտոնի նշանակվելը երաշխավորելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր՝ որակավորման տեքստ, ներկայացում, բնութագիր, որոնցում ծառայության չներկայացող և իր ծառայողական պարտականությունները չկատարող Յուլիա Գասպարյանին ներկայացրել է որպես ծառայության մեջ իրեն բանիմաց, պարտաճանաչ և կարգապահ դրսևորող, ծառայողական պարտականությունները պատշաճ կերպով կատարող, դժվարություններից չխուսափող, օպերատիվ բաժնում իրականացվող աշխատանքների կազմակերպման և իրագործման աշխատանքներին ակտիվորեն մասնակցող, հրամանատարության կողմից տրված առաջադրանքները ժամանակին ու որակով կատարող զինծառայող:
Այնուհետև՝ կազմած փաստաթղթերը ներկայացրել է ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետ Բակուր Աղաջանյանին, ով ևս տեղյակ լինելով Յուլիա Գասպարյանի ծառայության չներկայանալու և աշխատանքային պարտականությունները չկատարելու մասին, իր հերթին վերադասների բացասական վերաբերմունքին չարժանանալու և փոխհարաբերությունները չվատթարացնելու անձնական դրդումներով, իր ստորագրությամբ հաստատել է բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը՝ դրանք հանձնելով իր իսկ նախագահած որակավորման հանձնաժողովին՝ հետագայում իր ստորագրությամբ հաստատելով նաև հանձնաժողովի կազմած եզրակացությունը: Կազմված և որակավորման հանձնաժողովին հանձնած վերը նշված փաստաթղթերը հանձնաժողովի համար հիմք է հանդիսացել Յուլիա Գասպարյանին բարձր՝ ՀՀ ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնին նշանակելը երաշխավորելու համար:
Նշված կեղծ փաստաթղթերի հիման վրա Լևոն Երանոսյանը 2018 թվականի մարտի 16-ին ստորագրել է Յուլիա Գասպարյանին ՀՀ ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնին նշանակելու մասին թիվ 225-Ա հրամանը և ՀՀ ոստիկանության կադրերի վարչության պետին ուղղված նույն օրվա թիվ 4/256 գրությամբ Յուլիա Գասպարյանին ներկայացրել է ավագ սպայական կազմի հերթական՝ «փոխգնդապետ» զինվորական կոչման շնորհմանը: Հաջորդ օրը՝ 2018 թվականի մարտի 17-ին, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի թիվ 823-Ա հրամանով Յուլիա Գասպարյանին շնորհվել է «փոխգնդապետ» զինվորական կոչումը, որից ընդամենը երկու օր անց՝ 2018 թվականի մարտի 19-ին, Լևոն Երանոսյանի թիվ 248-Ա հրամանով Յուլիա Գասպարյանը վերադարձվել է նախկին՝ ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին։
Գործը Հակակոռուպցիոն դատարան է ստացվել սեպտեմբերի 7-ին և մակագրվել է դատավոր Արամ Գրիգորյանին։ Գործն ընդունվել է վարույթ և առաջին դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 22-ին։
Երեք մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։
24news.am
