Գողացել են Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցու գանձանակը
Սեպտեմբերի 11-ին եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին է ահազանգել Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Գեղամ Ն․-ն և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք Ներքին Դվին գյուղում գործող «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողություն են կատարել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանին Գեղամ Ն.-ն հայտնել է, որ սեպտեմբերի 10-ին ժամը 19:30-ից մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 14:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են եկեղեցու գանձանակը։Նա հայտնել է նաև, որ եկեղեցու մուտքի դուռը և պատուհանները վնասված չեն եղել։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
