Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը
Ազգային ժողովը սեպտեմբերի 15-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծեր:
Ըստ այդմ՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց լիազորությունները ստանձնած Կառավարության անդամի երդման տեքստի վերախմբագրման մասին՝ ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Ըստ հիմնավորման՝ գործող տեքստն ամբողջապես չի արտացոլում պետության հարատևության, սերունդների առջև պատասխանատվության, պետականության ամրապնդման և զարգացման առանցքային տարրերը:
Կառավարության անդամի երդման տեքստը այսուհետ հետևյալն է. «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա և ապագա սերունդների»:
