Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 4 ավտոմեքենա․ «Opel Astra»-ն կողաշրջվել է․ տուժածներ չկան
Սեպտեմբերի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են 35-ամյա Սյուզաննա Պ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 29-ամյա Արթուր Պ․-ի վարած «Tesla» մակնիշի, 56-ամյա Լյովա Հ․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 50-ամյա Արսեն Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Դերենիկ Գրիգորյանը և Հայկազ Օսիպյանը։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։
