Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»
«Փաստ»-ը գրում է, որ նախընտրական սոցիալ-տնտեսական ու հուզական դրսևորումները մարել են, իսկ իշխանությունը, 49 տոկոսով պահպանելով դիրքերը, այլևս «չի սիրահարվում» հանրությանը։ Թերթի խոսքով՝ ընտրություններից առաջ կենսաթոշակները 10 հազարով բարձրացվեցին, ինչի հետևանքով շատերը զրկվեցին նպաստներից՝ եկամուտների աճի պատճառաբանությամբ, մինչդեռ գներն աճում են։
«Փաստ»-ը նշում է, որ «ձրի առողջապահությունը» վերածվում է համավճարի։ Նիկոլ Փաշինյանը, ըստ հրապարակման, նախազգուշացրել է ջրի սակագնի հնարավոր կտրուկ թանկացման մասին՝ ասելով. «Նախ պետք է օբյեկտիվ սակագին որոշել և անդրադառնալ, թե այդ սակագնի որ մասը, ով ինչպես պետք է վճարի»։
Թերթը հիշեցնում է նաև Ադրբեջանից բերված մի քանի ցիստեռն բենզինի ֆոնին նախընտրական խոսքը գնի իջեցման մասին, մինչդեռ այժմ լիտրը թանկացել է միջինը 70–80, որոշ դեպքերում՝ մինչև 100 դրամով։ «Փաստ»-ի հաղորդմամբ, մեկ այլ քպական հայտարարել է, որ Հայաստանը չի կործանվի, եթե գազը կտրուկ թանկանա։
