Թուրքիայի դրոշի վրա թքելու համար բրիտանացի զբոսաշրջիկ է ձերբակալվել
Թուրքիայում հյուրանոցի անձնակազմի հետ վիճաբանությունից հետո ձերբակալվել է 58-ամյա բրիտանացի զբոսաշրջիկ։ Ըստ DHA (Demirören Haber Ajansı) լրատվական գործակալության՝ տղամարդը թքել է հյուրանոցի նախասրահում կախված Թուրքիայի դրոշի վրա։
Միջադեպը տեղի է ունեցել Դինեք թաղամասում գտնվող հյուրանոցներից մեկում։ Բրիտանացին վիճաբանության մեջ է մտել հյուրանոցի աշխատակիցների հետ, որից հետո մոտեցել է դրոշին և թքել դրա վրա։ Աշխատակիցները պահել են տղամարդուն մինչև ոստիկանության ժամանումը։
Ոստիկանական բաժանմունքում զբոսաշրջիկը թարգմանչի օգնությամբ ցուցմունք է տվել։ Այնուհետև նրան կանգնեցրել են դատարանի առջև, որը որոշում է կայացրել կալանավորել նրան՝ Թուրքիայի պետական ինքնիշխանության խորհրդանիշները վիրավորելու մեղադրանքով։ Դատական նիստից հետո տղամարդուն տեղափոխել են Ալանիայի բանտ։
