«Բյուրեղ» թաղամասում խուլիգանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Երևանի «Բյուրեղ» բնակելի թաղամասում խուլիգանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին 24News-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից։
«Վերջինիս վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել։
Նախաքննությունը շարունակվում է», – մանրամասնեցին ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Երևան քաղաքում գտնվող «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատիրոջը՝ Աշոտ Արսենյանին պատկանող «Բյուրեղ» բնակելի թաղամասում միջադեպ է արձանագրվել։
Արշակունյաց պողոտայում գտնվող թաղամասում 33-ամյա տղամարդը վիճաբանել է մեկ այլ անձի հետ՝ թաղամասում ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել։ ՆԳՆ-ից հայտնում են, որ տղամարդը իր առավելությունն ընդգծելու նպատակով, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրել է հրազենի նմանվող առարկա և, շարունակելով հայհոյանքներ հնչեցնել՝ հետապնդել է նշված անձին։
24News-ի տեղեկություններով, խուլիգանություն կատարած անձը թաղամասի բնակիչ չի եղել, այլ շենքում բնակվողներից մեկի հարազատը, վիճաբանել է տեղի անվտանգության ծառայակցի հետ։ Մեզ պատմեցին, որ հենց անվտանգության աշխատակիցներն են կանխել հետագա ողբերգական ընթացքը։
