Հաքերները գրեթե 6 ՏԲ տվյալներ են հրապարակել համացանցում
Rhysida հաքերային խմբավորումը իրագործել է սպառնալիքը և համացանցում հրապարակել Բեռլինի վարչակազմի դեմ իրականացված լայնածավալ կիբերհարձակման արդյունքում գողացված գրեթե 6 ՏԲ տվյալները։ Der Spiegel-ի տվյալներով, հրապարակված արխիվը կազմում է մոտ 5,8 ՏԲ և պարունակում է ավելի քան 1,4 մլն ֆայլ։
Չարագործները Բեռլինի իշխանություններից պահանջել էին 30 բիթքոյն՝ մոտ €2 մլն, և իրենց էջում հետհաշվարկ տեղադրել։ Վերջնագրի ժամկետը լրացել է ուրբաթ օրը՝ մոտ 15:35-ին։ Բեռլինի սենատը նախապես հայտարարել էր, որ մտադիր չէ կատարել շանտաժով զբաղվողների պահանջները։
Հաքերների պնդմամբ, հրապարակված տվյալների թվում կան տեղեկություններ վարչական իրավախախտումների շուրջ գրեթե 80 հազար գործի, ավելի քան 46,5 հազար պայմանագրի մասին, ինչպես նաև կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտների հետ կապված փաստաթղթեր, դատական նյութեր, արտակարգ իրավիճակների գործողությունների պլաններ, գաղտնաբառեր և մուտքի հաշվառման տվյալներ պարունակող գրեթե 6 հազար ֆայլ։
Գերմանիայի տեղեկատվական անվտանգության դաշնային գերատեսչությունը (BSI) կարծում է, որ հարձակման հետևում կանգնած են բացառապես ֆինանսական նպատակներ հետապնդող կիբերհանցագործներ։ «Պետական կամ քաղաքական դրդապատճառներով գործող դերակատարների հետ կապ մինչև այժմ հաստատել չի հաջողվել», — ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
