Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է
Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ, լքված նորածնի առողջական վիճակն արդեն լավ է, խնդիրներ չունի։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց նորածնին գտած Նարեկ Պետրոսյանը։
«Ապարատներն արդեն անջատել են։ Ես տեսազանգով եմ տեսնում՝ բժիշկների միջոցով, մուտքն արգելված է»,– ասաց Պետրոսյանը։
ՆԳՆ-ից էլ 24News-ին փոխանցեցին, որ նորածին երեխայի ծնողները դեռ չեն հայտնաբերվել։
«Շարունակվում են ակտիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքը բացահայտելու և ծնողներին հայտնաբերելու ուղղությամբ», – ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 20։43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Նորածինն արագ տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ հաջողվել էր նրա վիճակը կայունացնել։
Նորածինը վաղաժամ է ծնվել՝ ոչ հիվանդանոցային պայմաններում և ունեցել է շնչառական խնդիրներ։ Երեխային հայտնաբերել են սառած վիճակում։
Ինչպես ավելի վաղ 24News-ը հայտնել էր, լքված երեխային անվանակոչել են Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի:
