ԱՄՆ բանակը կնքել է ԱԹՍ-ների դեմ լազերային համակարգի արտադրության առաջին պայմանագիրը
ԱՄՆ բանակը հայտարարել է անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար նախատեսված սպառազինության բարձր էներգիական լազերային համակարգի արտադրության առաջին պայմանագրի կնքման մասին։ Բանակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ համապատասխան պայմանագիրը ստորագրվել է ամերիկյան AeroVironment (AV) ընկերության հետ։
«Իր տեսակի մեջ այս առաջին ուղղորդված էներգիայի ծրագիրը մեր ստորաբաժանումներին թույլ կտա հաղթել անօդաչու համակարգերին և գերիշխել հենց սկզբից։ Մարդկային հնարամտության և առաջադեմ տեխնոլոգիաների համադրությունը երաշխավորում է, որ մեր բանակը կշարունակի առաջ անցնել Ամերիկայի հակառակորդներից», – հայտարարել է ԱՄՆ բանակի շտաբի պետի տեղակալ գեներալ Քրիստոֆեր Լա Նևեն։
ԱՄՆ բանակում նշել են, որ E-HEL ուղղորդված էներգիայի մարտական համակարգը կարող է անօդաչուների ոչնչացման համար օգտագործվել շատ ավելի քիչ ծախսով, քան հրթիռները։ Աշխատելով էլեկտրական էներգիայով՝ այն առաջացնում է մահացու բարձր էներգիական լազերային ճառագայթ, որն ապահովում է կրակոցի ցածր գին, ինչպես նաև ունի պահեստատուփ, որը լրացվում է սնուցման համակարգի աղբյուրի օգնությամբ։
Նշվում է, որ համակարգը մշակված է գործառնական ճկունության համար, կարող է տեղակայվել ստացիոնար բազաներից, կիսաստացիոնար մարտավարական դիրքերից և շարժական մարտական մեքենաներից՝ ապահովելով լայն կիրառություն ողջ գործառնական սպեկտրում։
