ԱՄՆ-ում հայ տղամարդը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ մաքսանենգ ճանապարհով ՌԴ ապրանքներ արտահանելու համար
ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթինի դաշնային դատարանը Հայաստանի քաղաքացի Կամո Կիրակոսյանին դատապարտել է 2 տարի 2 ամիս ազատազրկման՝ Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու և ԱՄՆ-ից ռուսական ընկերությանը սարքավորումներ մատակարարելու համար։
Ըստ տեղեկության՝ Կամո Կիրակոսյանը խոստովանել է, որ 2022 թվականի փետրվարից մինչև առնվազն 2024 թվականի օգոստոս մասնակցել է ԱՄՆ արտահանման կառավարման կանոնակարգերին ենթակա ապրանքներ արտահանելուն և վերաարտահանելուն՝ առանց Առևտրի նախարարության արդյունաբերության և անվտանգության բյուրոյից անհրաժեշտ լիցենզիաներ ստանալու։
Արտահանված ապրանքները կարող են օգտագործվել կիսահաղորդչային արտադրության մեջ։
Դատական փաստաթղթերի համաձայն՝ Կիրակոսյանն ամերիկյան ընկերություններին ներկայացել է որպես վերջնական գնորդ Հայաստանում՝ թաքցնելով, որ ապրանքները նախատեսված են Ռուսաստանի համար։
Նա ձերբակալվել էր Գերմանիայում 2024 թվականին և 2025 թվականի օգոստոսին արտահանձնվել ԱՄՆ։
