Նարեկ Նալբանդյանը պաշտոնապես հերքել է
Ես բազմիցս հերքել եմ այդ տեղեկությունները և այսօր ևս մեկ անգամ հստակ հայտարարում եմ՝ ես որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ: Այս մասին հայտարարություն է տարածել Նարեկ Նալբանդյանը:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարության կապակցությամբ կարևոր եմ համարում ևս մեկ անգամ և վերջնականապես ներկայացնել իմ դիրքորոշումը։
Տարբեր շրջանակների կողմից բազմիցս փորձ է արվել իմ անունը և իմ կողմից իրականացվող բիզնես ծրագրերը կապել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա ընտանիքի անդամների հետ կամ նախկին իշխանությունների հետ։
Ես բազմիցս հերքել եմ այդ տեղեկությունները և այսօր ևս մեկ անգամ հստակ հայտարարում եմ՝ ես որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղակական ուժի հետ։
Իմ բոլոր ներդրումային և բիզնես որոշումների պատասխանատվությունը կրում եմ անձամբ։ Դրանք իրականացվում են իմ միջոցներով, իմ թիմի ամենօրյա քրտնաջան աշխատանքով և ունեն տնտեսական ու ներդրումային տեսլական։
Ողջունում եմ վարչապետի դիրքորոշումը, որ որևէ գործարար չպետք է փորձի իր գործունեությունը կապել իր կամ իր ընտանիքի անվան հետ կամ այդպիսի տպավորություն ստեղծել։ Վստահ եմ, որ այս հայտարարությունը նաև վերջակետ կդնի իմ անվան շուրջ տարիներ շարունակ շրջանառվող անհիմն շահարկումներին։
Իմ գործունեության նպատակը եղել և մնում է Հայաստանում ներդրումների իրականացումը, արտադրություններ վերականգնելն ու զարգացնելը, նոր աշխատատեղեր ստեղծելը և երկրի տնտեսության զարգացմանը նպաստելը։
Ես գործում եմ Հայաստանի և Հայաստանի տնտեսության շահերից ելնելով։ Իմ բիզնեսը որևէ քաղաքական ընտանիքի հետ կապ չունի։ Այս հարցի վերաբերյալ իմ դիրքորոշումը հստակ է, և այս թեման ինձ համար սպառված է։ Կից ներկայացնում եմ նաև նախկինում կատարված հերքումների տվյալները։
Հարգանքով, Նարեկ Նալբանդյան»,- նշել է նա:
Հիշեցնենք՝ այսօր ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «եթե Հայաստանի տնտեսական դաշտում կա մեկը, որ ինձ և մեր ընտանիքին նյարդայնացնում է արդեն տանելիության բոլոր սահմաններից դուրս, Նարեկ Նալբանդյանն է»,- ասել է Փաշինյանը։ «Ես հանձնարարել եմ, որ համապատասխան իրավապահ մարմինները վարույթներ նախաձեռնեն, և եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի։ Ես հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի շատ դաժան»,- հայտարարել է Փաշինյանը։
