ՀՀ-ն չի կարող միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ՝ չնայած ՌԴ-ի հետ բարեկամության պատմական կապերին․ Պուտին
Հայաստանը չի կարող միաժամանակ լինել Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության անդամ՝ չնայած Ռուսաստանի հետ բարեկամության պատմական կապերին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
«Եթե դուք որոշում եք կայացրել շարժվել դեպի ԵՄ, դա ցանկացած երկրի ինքնիշխան որոշումն է: Մեզ հայ ժողովրդի հետ կապում են բարեկամության պատմական կապեր և նույնիսկ ավելին, քան բարեկամությունը: Մենք հայ ժողովրդի հետ փոխհարաբերությունների շատ խոր արմատներ ունենք: Բայց միաժամանակ մեկ և մյուս կազմակերպությունում գտնվելն ուղղակի անհնար է», - ասել է նա:
Պուտինը նշել է, որ ԵԱՏՄ-ն բավականին մեծ արտոնություններ է տալիս Հայաստանին, ներառյալ էներգակիրների ցածր գները:
«ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանը բավականին մեծ արտոնություններ է ստանում: Ես հիմա չեմ խոսում նույնիսկ էներգակիրների գների մասին՝ $138, իսկ Եվրոպայում €800՝ 1,0000 խորանարդ մետրի դիմաց: Բայց հարցը դա չէ: Ե՛վ մեր շուկան, և՛ այնտեղ օբյեկտներ են կառուցվում, շատ-շատ ամեն տեսակի արտոնություններ: Դե ուրեմն օգտագործեք արտոնությունները մեզ հետ աշխատանքում», - ասել է նա:
