Գագիկ Խաչատրյանը ոչ միայն զրկված է բժշկական օգնություն ստանալուց, այլև ենթարկվում է խոշտանգման
Գագիկ Խաչատրյանի կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են, այս մասին հայտարարություն է տարածել Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը։
«71-ամյա Գագիկ Խաչատրյանը ոչ միայն զրկված է պատշաճ բժշկական օգնություն ստանալու հիմնարար իրավունքից, այլև ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման։ Միայն վերջին երեք ամիսների ընթացքում նա երկու անգամ կիսագիտակից վիճակում, պատգարակով տեղափոխվել և մասնակցել է քննչական գործողությունների»,-ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Խաչատրյանի մոտ դեռևս 2015 թվականին ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։ Նրա պարանոցային ողնաշարում տեղադրված են հատուկ իմպլանտներ, որոնք Հայաստանի բժշկական հաստատություններում չեն կիրառվում։ Բժիշկների և դատաբժշկական փորձագետների եզրակացությունների համաձայն՝ նրան անհրաժեշտ է անհետաձգելի վիրահատական միջամտություն, որը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել։
