Անհետ կորած մեր հայրենակիցների ճակատագրի բացահայտումը չի կարող լինել ժամանակ առ ժամանակ հիշվող թեմա․ Թանդիլյան
Հայաստանում անհետ կորած հարազատներ ունեցող բազմաթիվ ընտանիքներ ապրում են սպասումով, անորոշությամբ ու պատասխանների ակնկալիքով, գրել է Մանե Թանդիլյանը։
«Անհետ կորած մեր հայրենակիցների ճակատագրի բացահայտումը չի կարող լինել ժամանակ առ ժամանակ հիշվող թեմա և առավել ևս՝ քննարկման առարկա դառնալ միայն այն ժամանակ, երբ հուսահատ հարազատները դռնեդուռ բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ բարձրաձայնելով իրենց տարիների ցավն ու պահանջը։
Այս հարցը պետք է մշտապես լինի պետական և հասարակական օրակարգում՝ որպես առաջնահերթ խնդիր։
Պետության և իշխանությունների պարտքն է անել հնարավոր ամեն բան՝ գտնելու անհետ կորածներին, պարզելու նրանց ճակատագիրը և այդ ընտանիքներին չթողնելու միայնակ՝ տարիներով ձգվող սպասման ու անորոշության մեջ։
Քանի դեռ կա թեկուզ մեկ ընտանիք, որը սպասում է իր հարազատի ճակատագրի մասին լուրի, այդ հարցը պետք է մնա երկու երկրների բանակցային հարցերի օրակարգում:
Անհետ կորածների միջազգային օրվա կապակցությամբ զորակցությունս բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ գտնվում են անտանելի սպասման մեջ», - նշել է Թանդիլյանը։
