Բախվել են «Chery»-ն և «Honda»-ն․ վերջինը բախվել է կայանված «Honda Elysion»-ին․ կան վիրավորներ
Երեկ` օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Միկոյան փողոցում բախվել են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Մ, Ղ․-ի վարած «Chery» մակնիշի և 45-ամյա Վ, Ա․-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Նորայր Մանուկյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արսեն Մարտիրոսյանը և Վանիկ Բագրատյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի,
Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
