Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան
Օգոստոսի 13-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ Հովիկ Բաղդասարյանի համերգի ժամանակ, տեղի ունեցած միջադեպից հետո 18-ամյա Աշոտ Մադաթյանը ծանր վնասվածքով տեղափոխվել է Երևան։ Այս մասին պատմում է նրա մայրը՝ 41-ամյա Ռուզաննա Թարփոշյանը՝ նշելով, որ տղան համերգին եղել է ընկերների հետ։
Մոր խոսքով՝ համերգին իրենց ընտանիքի անդամները ևս ներկա են եղել։ Երիտասարդները պարել և ուրախացել են ընկերների հետ, իսկ միջոցառման ընթացքում նրանց հետ է եղել նաև Ռուզաննայի հորաքրոջ թոռը՝ 16-ամյա Ավետիք Սիմոնյանը։«Ավետիքը իրեն վատ է պահում, անընդհատ նեղացնում է մյուսներին, վատ խոսքեր է ասում։ Երկու եղբայրները և նրանց ընկերը որոշում են նրան տուն ուղեկցել, որպեսզի որևէ փորձանք չլինի։ Տուն հասնելուց հետո որդիս՝ Աշոտը, բարձրանում է աստիճաններով և հարազատին խնդրում, որ Ավետիքը պահեն տանը, մի փորձանք չբերի»,– պատմում է մայրը։
Նրա խոսքով՝ այդ պահին 16-ամյա տղան դուրս է եկել և հարվածել իր 18-ամյա որդու գլխին։ Մայրը նշում է, որ իրենք չեն կարող հստակ ասել, թե ինչ առարկայով է հարվածը հասցվել։«Չգիտենք՝ ինչով է հարվածել։ Տարբեր վարկածներ են ասում․ մեկը ասում է՝ մահակ է եղել, մյուսը՝ կացին, երրորդը՝ այլ առարկա։ Բայց հարվածը ծանր է եղել, որովհետև մեկ հարվածից տղաս ստացել է դեմքի բազմակի կոտրվածքներ և կորցրել է գիտակցությունը»,– ասում է նա։
Դեպքից հետո շտապօգնություն են կանչել։ 18-ամյա երիտասարդին նախ տեղափոխել են Մարտունու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները, ըստ մոր, արձանագրել են բազմակի կոտրվածքներ և անհրաժեշտ են համարել նրան տեղափոխել Երևան։
Երիտասարդը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Մոր խոսքով՝ նա առաջին երկու-երեք օրերը եղել է վերակենդանացման բաժանմունքում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
