Բագրատունյաց պողոտայում պատշգամբը 5-րդ հարկից փլուզվել և հայտնվել է 4-րդ հարկում․ կան վիրավորներ
Այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 10 հասցեի 5-րդ հարկի պատշգամբը փլուզվել է և հայտնվել 4-րդ հարկում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 3-րդ և թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները։
Տեղում պարզվել է, որ թիվ 62 բնակարանի պատշգամբը փլուզվել և ընկել է թիվ 58 բնակարանի պատշգամբի վրա, և փրկարարները ավտոսանդուղքով 2 քաղաքացու բարձրացրել են թիվ 62 բնակարան։ Նրանք օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են Երևանի բնակիչներ, 20-ամյա Օվսաննա Ա․-ն և 41-ամյա Տաթև Ս․-ն։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի և գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Դավիթ Առաքելյանն ու Հենրիկ Աբրոյանը։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է՝ փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
