«Փաստ». ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից

«Փաստ» թերթը գրում է. «Միշտ էլ Հայաստանի և ԵՄ հարաբերությունների թեման եղել է հանրային ու քաղաքական քննարկումների տիրույթում, ու այդ հարաբերություններն առաջ են ընթացել գործակցության տարբեր տիրույթների շրջանակում, բայց, ահա, առաջին անգամ Հայաստանը որոշել է պաշտոնական հայտ ներկայացնել ԵՄ անդամակցության հարցի շուրջ, ինչը բոլորովին նոր իրողություն է։ Համենայն դեպս, օգոստոսի 24-ին Ազգային ժողովում կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս սրա մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Խնդիրն այն է, որ Հայաստանը նախ պետք է պաշտոնապես դիմի ԵՄ-ին՝ անդամակցության գործընթացի հաջորդ փուլերին անցնելու համար։

Բայց այս պահին, երբ գործընթացը նոր է մեկնարկելու, ԵՄ-ի տնտեսական բլոկին անդամակցելու գործընթացով Հայաստանը բավական վտանգավոր ճանապարհ է վերցնում։ Այնպես չէ, որ Հայաստանը տնտեսական առումով առանձին տարածք է ներկայացնում, որպեսզի հեշտ ու հանգիստ ինտեգրվի եվրոպական տնտեսական համայնքին։ Հայաստանի համար գործում են ԵԱՏՄ առանձին տնտեսական կանոնակարգերը, որի ընձեռած հնարավորություններից Հայաստանն էապես օգտվում է։ Այսինքն, ԵՄ-ին անդամակցելու համար Հայաստանը նախ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, ինչը ծայրահեղ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ։ Անգամ Վրաստանը, որը ԵԱՏՄ անդամ չէ, հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, որոշեց Եվրամիությանն անդամակցելու գործընթացը հետաձգել կամ կասեցնել մինչև 2028 թվականի վերջը։ Ու դրա արդյունքում այսօր Վրաստանը տնտեսական առումով շահում է՝ գրանցելով համեմատա­բար բարձր տնտեսական ցուցանիշներ։


Այսպիսի պատկերը հաշվի առնելով՝ դժվար է գալ այնպիսի եզրահանգման, որ Հայաստանը կարող է շահել սկսվող գործընթացից։ Նախ՝ պարզ է, որ միանգամից ոչ ոք Հայաստանին ԵՄ չի ընդունի, դա տարիների, ինչու չէ՝ նաև տասնամյակների գործընթաց կարող է լինել։ Կան մի քանի երկրներ, որոնք տասնամյակներ շարունակ ունեն ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, սակայն նրանց բանակցային գործընթացը կա՛մ լիովին սառեցված է, կա՛մ առաջխաղացումը չափազանց դանդաղ է։ Այսինքն, բավական երկար ճանապարհ է սպասվում Հայաստանին եվրոպական տնտեսական համայնքին ինտեգրվելու համար, այն էլ՝ դեռևս երաշխավորված չէ՝ ի վերջո, Հայաստանը կդառնա ԵՄ լիիրավ անդամ, թե՝ ոչ։

Մյուս կողմից էլ՝ բնական է, որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կանոնակարգերն ու չափորոշիչները լիովին տարբեր են, ու քանի դեռ այդ գործընթացն ուժի մեջ կլինի, Հայաստանը կզրկվի ԵԱՏՄ հնարավորություններից՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ ՀՀ տնտեսությունը մեծապես կապված է ՌԴ-ի ու, ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ տնտեսական դաշտի արտոնությունների հետ։ Ճիշտ է՝ Հայաստանի ու Ռուսաստանի առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է, սակայն ռուսական շուկան ու էներգակիրներն այս պահին գրեթե անփոխարինելի նշանակություն ունեն Հայաստանի համար։

Այդպիսով, ԵՄ անդամակցության ճանապարհին Հայաստանը կարող է հայտնվել դժվարին վիճակում, երբ իր դեմ ԵԱՏՄ-ի շրջանակներում սահմանափակումներ կգործեն հատկապես այն պայմաններում, երբ նույնիսկ երաշխավորված չէ, որ Հայաստանն ինտեգրվելու է ԵՄ տնտեսական դաշտին, որի հետ առևտրի ու տնտեսական հարաբերությունների զարգացման համար դեռևս շատ մեծ խոչընդոտներ կան։ Առաջինն ապրանքների համար նախատեսվող հատուկ պահանջներն են՝ սերտիֆիկացման, թափանցիկության, որակի և այլն։ ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է նաև երկրի ներքին օրենսդրությունը, տնտեսական, դատական և պետական կառավարման համակարգերը լիովին համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին (Կոպենհագենյան չափանիշներ)։

Մյուսը լոգիստիկայի հարցն է, քանի որ, ի տարբերություն ԵՄ թեկնածու այլ երկրների (Ուկրաինա, Մոլդովա), Հայաստանը չունի ընդհանուր ցամաքային սահման ԵՄ որևէ անդամ պետության հետ։ Հայաստանի երկաթուղային ցանցը կապված չէ Եվրոպայի հետ։ Դեպի Իրան երկաթգիծ չկա, իսկ դեպի Վրաստան գործող գիծն ունի սահմանափակ թողունակություն և տեխնիկապես հնացած է։ Ապրանքները կա՛մ Թուրքիայով պետք է գնան Եվրոպա, կա՛մ էլ Վրաստանով և Սև ծովով, այնինչ մեր կապը Ռուսաստանի հետ ավելի սերտ է՝ հաշվի առնելով աշխարհագրական մոտիկությունը։

Ու բացառված չէ նույնիսկ, որ կարող է անգամ գալ մի պահ, երբ Հայաստանը լիովին հրաժարվի ԵՄ տնտեսական միավորմանն անդամակցելու իր որոշումից՝ հաշվի առնելով որոշակի տնտեսական ու անվտանգային շահեր, բայց այդ դեպքում արդեն Եվրոպայի հետ հարաբերությունները կտուժեն։ ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ, որ մի օր հայտ ներկայացնես, իսկ հետո հաջորդ օրը հետ կանչես։ Բնական է, որ այդ դեպքում Բրյուսելում իրենց խաբված կզգան ու ավելի կոշտ քաղաքականություն կորդեգրեն Հայաստանի նկատմամբ։

Խնդրի մյուս կողմում էլ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցն է։ Այսինքն, եթե Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցն ընթացք ստանա, էապես կտուժեն Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, Մոսկվայից էլ արդեն առավել կոշտ քաղաքականության կանցնեն Հայաստանի նկատմամբ։

Ուստի, ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող խոշոր գործընկերներից որևէ մեկի հետ մեր հարաբերությունները վատթարանալու են՝ կա՛մ ԵՄ-ի, կա՛մ էլ Ռուսաստանի։

Այնինչ, Հայաստանի շահերից է բխում երկու կողմի հետ էլ աշխատել ու հարաբերությունները զարգացնել։ Ու դրա փորձը կա։ Մի ժամանակ Հայաստանը, միաժամանակ լինելով ԵԱՏՄ անդամ, օգտվում էր ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+), ինչը հնարավորություն էր տալիս տեղական ծագման շուրջ 6200 անուն ապրանքատեսակ դեպի ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ խիստ ցածր մաքսատուրքերով։ Այս համակարգը հայկական և օտարերկրյա գործարարներին թույլ էր տալիս արտադրություն հիմնել Հայաստանում և ունենալ արտոնյալ մուտք ինչպես եվրոպական, այնպես էլ եվրասիական շուկաներ։ Ու ինչ-որ առումով Հայաստանը կապող օղակ էր ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև։

Ըստ շատ մասնագետների, անհամեմատ ճիշտ կլիներ, եթե «կա՛մ-կա՛մ»-ի օրակարգը սեղանի վրա դնելու փոխարեն Հայաստանը շարունակեր «և՛-և՛»-ի հաջողված տարբերակը, որի արդյունքում Հայաստանը մուտք չէր գործի աշխարհաքաղաքական բախման դաշտ ու աշխարհաքաղաքական հակասությունների ջրից չոր դուրս կգար՝ առավել քիչ կորուստներով։ Սակայն ունենք այն, ինչ ունենք, երկու խոշոր տնտեսական բլոկները համատեղելու փոխարեն Փաշինյանը որոշել է հակադրել դրանք միմյանց, իսկ դրա արդյունքում պարզ է, որ Հայաստանը շահած դուրս չի գալու։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Փաշինյանը կմեկնի Թուրքիա Մոսկվան Փաշինյանից պատասխան է պահանջում․Հայաստանը զրկվելու է բոլոր առավելություններից (video) Կարող է լինել հայկական օրակարգով ձևավորված առաջարկ և ոչ երբեք ալիևյան Սահմանադրություն․ Աննա Գրիգորյան Ինչ անելու առաջիկայում ընդդիմությունը․ Աննա Գրիգորյանը փակագծեր բացեց (video) «Անողին կախե՛ք». թեժ լեզվակռիվ Մեսրոպ Մանուկյանի և Տիգրան Ավինյանի միջև (video) Իտալական մամուլը գնահատել է Հենրիխ Մխիթարյանի խաղը Կոմոյի դեմ հանդիպումից հետո Պեսկովը՝ առաջնորդների հանդիպման մասին Արտակարգ իրավիճակ Գորիսում․ բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Իլհամ Ալիևը ցուցադրաբար «բացեց» Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցը Ստեփանակերտում «Ոտքերը ընկնել, լպստել պետք չէր»․ սեպտեմբերի 1-ին Մոսկվան հստակ ասել էր՝ ինչ է լինելու․ Նահապետյան (video) Ի՞նչ է տեսել Անահիտ Մանասյանը Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի խցերում (video) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները ծաղիկներ խոնարհեցին Եռաբլուրում (video) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները ծաղիկներ խոնարհեցին Եռաբլուրում (video) 60 հազար ձայն է գողացվել, գնահատական տվե՛ք․ Լիլիթ Գալստյանը «նեղը գցեց» Անահիտ Մանասյանին (video) #ՈՒՂԻՂ․ Փաշինյանին «խփել է»․ ի՞նչ է նա բացահայտել այսօր․ Նաիրա Զոհրաբյան (video) Նարեկ Կարապետյանը պոռթկաց Եռաբլուրում. «Ձեր վրայից պատերազմի հոտ է գալիս» (video) ՔՊ-ի վրայից պատերшզմի հոտ է գալիս, իրենց հետ բերեցին պատերшզմի քամիները, եռապատկեցին Եռաբլուրը. Նարեկ Կարապետյան Ձևին սիրահարված լինելն ու բովանդակությունը միշտ մերժելը մեր տունը քանդեց. Գագիկ Ասատրյան Երկու ճիճվաբանական դիտարկում. Լևոն Զուրաբյան Հայաստանի ապագան պետք է որոշի բացառապես հայ ժողովուրդը. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմը ծնեց 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի աղետաբեր հետևանքներին բախվում ենք առ այսօր. Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am