Մեսսին նոր մարզիչ ունի․ Ինտերի նախկին ֆուտբոլիստը գլխավորեց Ինտեր Մայամին
Ամերիկյան «Ինտեր Մայամին» պաշտոնապես հայտարարել է թիմի նոր գլխավոր մարզչի նշանակման մասին։ Ակումբի ղեկը ստանձնել է 52-ամյա արգենտինացի մասնագետ Կրիստիան Ալբերտո Գոնսալեսը, ով ֆուտբոլային աշխարհում հայտնի է «Կիլի» մականունով։
Գոնսալեսն իր պարտականությունների կատարմանը կանցնի ԱՄՆ-ում աշխատանքային թույլտվություն ստանալուց անմիջապես հետո։ Մինչ նրա և նոր մարզչական շտաբի ժամանումը, թիմը ժամանակավորապես կշարունակի ղեկավարել Գիլյերմո Օյոսը։
Ակումբի ղեկավարությունն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Օյոսին, ով նախորդ տարվա ապրիլին՝ Խավիեր Մասկերանոյի հեռանալուց հետո, պատրաստակամություն էր հայտնել ղեկավարել թիմն անցումային փուլում և մեծ նվիրվածություն է ցուցաբերել։
Որպես մարզիչ Կիլին երբեք չի աշխատել Արգենտինայից դուրս: Մինչ այս նա գլխավորել է «Ռոսարիո Սենտրալը», «Ունիոն Սանտա Ֆեն» և «Պլատենսեն» (վերջինում աշխատել է 2025-ի հունիսից հոկտեմբեր)։
Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել եվրոպական գրանդներում՝ միլանյան «Ինտերում» և իսպանական «Վալենսիայում», ինչպես նաև պաշտպանել է «Սարագոսայի», արգենտինական «Սան Լորենսոյի», «Ռոսարիոյի» և «Բոկա Խունիորսի» գույները: Արգենտինայի հավաքականի կազմում նվաճել է Ամերիկայի գավաթի արծաթե մեդալ և դարձել 2004թ․ Օլիմպիական խաղերի չեմպիոն:
Չնայած աստղային կազմին (Լիոնել Մեսսի, Լուիս Սուարես, Կազեմիրո, Ռոդրիգո Դե Պաուլ)՝ թիմը վերջին շրջանում վստահ ելույթներ չի ունենում: MLS-ի վերջին հինգ խաղերում մայամցիները տարել են ընդամենը մեկ հաղթանակ և հասցրել են դուրս մնալ Լիգաների գավաթի խաղարկությունից։
Այդուհանդերձ, «Ինտեր Մայամին» 39 միավորով Արևելյան կոնֆերենցիայում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն «Նեշվիլին», և շարունակում է վստահ քայլել դեպի փլեյ-օֆֆ՝ չեմպիոնական տիտղոսը պաշտպանելու նպատակով:
Թիմի ավագ Լիոնել Մեսսին վերջերս խփել էր իր առաջին գոլը կանոնավոր առաջնությունում հոր մահվանից հետո, սակայն նաև հայտնվել էր սկանդալի կենտրոնում՝ մրցակցին ապտակելու համար ենթարկվելով լիգայի պատժամիջոցներին։
Աղբյուրը՝ Armsport.am:
