Ֆրանսիայում տղամարդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա 2 զոհ
Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Կան քաղաքում օգոստոսի 26-ի ուշ երեկոյան մի տղամարդ մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ, որի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել՝ 10 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։
Ըստ դատախազի տեղակալի՝ տեղի ունեցած միջադեպն, ամենայն հավանականությամբ, ահաբեկչական դրդապատճառներ չունի։
«Այս պահին մենք գործ չունենք ահաբեկչական դրդապատճառի հետ, սակայն հետաքննությունը նոր է սկսվում», – ասել է նա։
Տեղական պաշտոնյա Դեյվիդ Կլավիերի խոսքով՝ տեղի ունեցած միջադեպի հետևանքով յոթ մարդ ծանր վիճակում է, իսկ երեքը թեթև վնասվածքներ ունեն։
Ոստիկանության աղբյուրը հայտնել է, որ վրաերթը, ենթադրաբար, տեղի է ունեցել կռվից հետո։ Կլավիերը նշել է, որ մեքենան «դիտավորյալ մխրճվել է կայարանի դիմացի փողոցում գտնվող հետիոտների մեջ»։
Կլավիերի խոսքով՝ կասկածյալը Ռուսաստանում ծնված 26-ամյա տղամարդ է, որը հետախուզական ծառայություններին հայտնի չէր, իսկ ոստիկանությանը հայտնի էր միայն ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար։
Ոստիկանության աղբյուրը հայտնել է, որ կասկածյալը փախել է դեպքի վայրից, սակայն ավելի ուշ ձերբակալվել է Ուիստրեամում, որը գտնվում է Կանից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա։
Տեղեկություններ են հաղորդվել, որ զոհերը և տուժածները 17-40 տարեկան տղամարդիկ են։
