Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու նոր որոշում է կայացվել
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին գտնվում է հիվանդանոցում։ Նրա որդին՝ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնել է, որ երկրորդ նախագահի ձերբակալման նոր որոշում է կայացվել։ Նոր որոշում կայացնելու պատճառն այն է, որ նախորդ որոշումից անցել է 24 ժամ։
Առողջական վիճակով պայմանավորված՝ նրան դատարան ներկայացնել դեռևս հնարավոր չէ։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի գործով անցնող 6 անձանցից 4-ը կալանավորվել են, մեկի նկատմամբ ընտրվել է տնային կալանք խափանման միջոցը, իսկ գործով անցնող ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։
